Կուշտն ի՞նչ իմանա սովածի հալը

Feb 10, 2018 Comments Off on Կուշտն ի՞նչ իմանա սովածի հալը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ բենզինի և դիզվառելիքի թանկացման հարցով կառավարությունն առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի, և հորդորել է պատգամավորներին ուշադիր կարդալ այդ հաշվետվությունը:

«Եվս մեկ անգամ կրկնեմ՝ 7.7 տոկոս տնտեսական աճ ունենք, որը տարածաշրջանում, Եվրոպայում ամենաբարձրն է, և ունենք գնաճ՝ 2.6 տոկոս, որն ամենացածրն է: Ընդ որում, գնաճ ունենք այնպիսի երկրներում, որտեղ պետությունը գների վրա ազդում է ուղղակիորեն: Շատ դեպքերում իմ խոսքը մի քիչ այլ կերպ են մեկնաբանում, բայց բենզինը որեւէ փոխադրման, ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետեւ բենզինով փոխադրում չկա: Ի գիտություն մեր գործընկերների՝ Հայաստանի ավտոտրանսպորտի 84 տոկոսն ունի գազից օգտվելու հնարավորություն, ռեգուլյար օգտվում է 75-ը: Գազի գինը վերականգնվել է այն գինը, որ եղել է 2 տարի առաջ, եւ պարզ է, որ դա լավ չի գազ օգտագործողի համար, բայց դա նոր պայման չի: Դիզվառելիքի մասով ով ԱԱՀ-ով է աշխատելու, նա շահելու է, ով ոչ՝ գյուղացին, մենք իրեն սուբսիդավորելու ենք: Այդ իսկ պատճառով մեր գնաճի այսօրվա թվերը տարածաշրջանում և բոլոր տեղերում ավելին լավն են, լավագույնն են»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ինչու միջազգային խոշոր ընկերություններ մուտք չեն գործում հայաստանյան բենզինի շուկա, վարչապետը պատասխանել է. «Դա մեր շուկայի փոքրությունից է: Խոշոր խաղացողների համար մեր շուկան հրապուրիչ չէ:
Մենք վտանգ ունենք այս փոքր շուկաներում գերիշխող դիրք ունենալու հետ կապված: Այդ իսկ պատճառով, եթե գերիշխողը մրցակցային պայմաններում է առաջանում, դա լավ է, եթե դուք տեսնում եք, որ մենք մեկի նկատմամբ անհավասար պայման ենք ցուցաբերում, ասեք»,- հայտարարել է նա:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև գնաճի վերաբերյալ իր՝ նախկինում ասված խոսքերին և սրտնեղել, թե իր խոսքերը խեղաթյուրել են. «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ո՛չ մարդու, ո՛չ ապրանքի: Բենզինը անհատական մեքենաներն են, ով չի ուզում բենզին, կարող է գազի անցնել: Ինչպես մեր գործընկերներն ասում են՝ վարչապետն ասել է՝ ով չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել»:

Խոսքը հունվարի 17-ի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ արած հայտարարության մասին է: Այն ժամանակ էլ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե գնաճը սարսափելի չէ: «Բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին՝ 430 է, Վրաստանում գինն ավելի բարձր է, երբ տրանզիտով ենք բերում: Բենզին օգտագործողն ալտերնատիվ տարբերակ ունի՝ կարող է գազ օգտագործել, այսինքն՝ եթե հարմարավետ չէ, կարող է անցնել գազին: Այո՛, գազն էլ 25 դրամով է թանակցել՝ 190-220 դրամ է: Լավ չի, որ թանկացել է, բայց 190-220 դրամը նոր չէ, այս գներով ժամանակին (2015թ.) աշխատել ենք ու էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել»,- վառելիքի թանկացման վերաբերյալ Աժ-Կառավարություն հունվարի 17-ի հարց ու պատասխանի ժամին հայտարարել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այս օրվանից անցել է ընդամենը 20 օր, բենզինն արդեն 450 դրամ է դարձել, այսինքն՝  թանկացել է ոչ թե 20, այլ 40 դրամով, որը նշանակում է 2 ամսվա կտրվածքով 10 տոկոս գնաճ, կոնկրետ բենզինի շուկայում: Գազի թանկացումը, որը ինչպես ինքը՝ Կարեն Կարապետյանն է նշել 258 դրամ է կազմել, դարձյալ10 տոկոս է կազմում: Կարագի, մսի ու առաջին անհրաժեշտության մի քանի հայտնի ապրանքների գնաճը հասել է 30-40 տոկոսի: Բայց այսքանով հանդերձ՝ Կարեն Կարապետյանը անհուսալիորեն լավատես է և գտնում է, որ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը՝ 2,5 տոկոս, որը սարսափելի չէ: Ո՞ւր է գնում տնտեսական աճի արդյունքը: Երբ ոչ ոք, բացի վարչապետից, այդ աճը չի տեսնում, որևէ մեկի վրա այն դրական չի ազդում, ո՞ւմ է պետք այդ աճը:

Եթե գնաճին համարժեք գոնե 10 տոկոսով նաև քաղաքացիների եկամուտներն աճած լինեին, գնաճը իրապես սարսափելի չէր լինի:  Բայց դե կուշտն ի՞նչ իմանա սովածի հալը:

 

 Հայկ  Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: