Սահմանամերձ գյուղը դարձել է իշխանականների շահերի բախման թատերաբեմ

Feb 10, 2018 Comments Off on Սահմանամերձ գյուղը դարձել է իշխանականների շահերի բախման թատերաբեմ

Ուղիղ երկու ամիս է, ինչ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում եւ գյուղում լարված դրություն է: Այդ մթնոլորտը ձեւավորվել է դպրոցի տնօրենի պաշտոնի շուրջ, իսկ ավելի կոնկրետ իշխանության ներկայացուցիչների շահերի բախման արդյունքում։

Դեռեւս 2017թ. դեկտեմբերի 8-ին դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, մրցույթի մասնակիցները երկուսն էին՝ 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը, որը մարզպետ ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանի թեկնածուն է եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Բուդուրյանը ԺՊ-ի պաշտոնին է նշանակվել, քանի որ նախկին տնօրենը թոշակի է գնացել։

Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար`4-ական ձայն: Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Ժամկետը լրացել է, իսկ դպրոցի տնօրեն չի նշանակվել: Գյուղի մի խումբ ծնողներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նախաձեռնությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Եսայանի, դրան պատասխան ակցիա է հետեւել։ Եսայանի կողմնակիցները ստորագրահավաք են նախաձեռնել եւ կառավարությանը նամակ ուղղել՝ ի պաշտպանություն Եսայանի։ Սակայն մարզպետն անդրդվելի է ու չի կատարում փոխվարչապետի ընդունած որոշումները։ Անշուշտ, կարող է հարց առաջանալ՝ ինչպես մարզպետը նախապես գործի չի դրել իր լծակները եւ ապահովել իր թեկնածուի հաղթանակը, սակայն չի կարողացել եւ «շան գլուխն» էլ այստեղ է թաքնված։ Խնդիրն այն է, որ խոշորացված Բերդ համայնքի ղեկավարը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է, աջակցում է Եսայանին, վերջինը ընտրություններին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքապետ Մանուչարյանին, ով մարզպետի թեկնածուի մրցակիցն էր, բայց հաղթեց։

Սա էլ դարձել է սահմանամերձ գյուղում այսօր ստեղծված քաոսային իրավիճակի իրական պատճառը։ Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին ի պատասխան Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ գյուղում ստեղծված թշնամական մթնոլորտը պատճառ է դարձել, որպեսզի չեղարկվի փոխվարչապետի որոշումը «Թշնամանքը գյուղում հասել է մի տեղ, որ նույնիսկ աշակերտներն են միմյանց հետ վիճում, թե ով պետք է լինի տնօրեն»: Լոքյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Վաչե Գաբրիելյանին եւ նա չեղյալ է համարել իր նախկին որոշումը, ժամանակավոր լուծում են առաջարկել, մինչեւ գյուղում կրքերը կհանդարտվեն: Որոշել են նաեւ, որ երկու թեկնածուներից որեւէ մեկը այսօր չղեկավարի դպրոցը , նոր պաշտոնակատար կնշանակվի եւ կլինեն նոր ընտրություններ:

Սակայն չկա ոչ մի երաշխիք, որ սահմանամերձ գյուղը նորից չի դառնա իշխանականների բախման թատերաբեմ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: