Ինչ փաթեթ է դրվելու Սարգսյանի և Ալիևի առջև

Feb 10, 2018 Comments Off on Ինչ փաթեթ է դրվելու Սարգսյանի և Ալիևի առջև

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են տարածաշրջան և այս տարվա առաջին բանակցություններն են անցկացնելու առաջիկա օրերին՝ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:

Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել ռուսաստանցի Իգոր Պոպովն ու ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին: Ուշագրավ է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեռ անցած շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին է մեկնել Ադրբեջան, որտեղ Աբշերոնի շրջանի Մասազըր գյուղում հանդիպել է հարկադիր տեղահանվածների հետ:

Այդ գյուղում նրանց համար կառուցել են թաղամաս, որտեղ ապրում են տեղահանվածների 760 ընտանիքներ: Հանդիպման ընթացքում համանախագահին ուղեկցել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան: Ադրբեջանցի վերլուծաբանները նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի պատմության ընթացքում հազվադեպ է պատահում, երբ համանախագահներից մեկը նախքան գործընկերներին միանալն այցելում է տարածաշրջան առանձին օրակարգով:

Բաքվում համանախագահների հիմնական հանդիպումները նախատեսված են այսօր: Իսկ փետրվարի 8-9-ը նրանք արդեն Երևանում կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ և, բացի այդ, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կլսեն Լեռնային Ղարաբաղի իշխանության տեսակետը:

Մոտ երեք շաբաթ առաջ՝ հունվարի 18-ին, Կրակովում, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ 2018 թվականի առաջին հանդիպումը արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Նախօրեին նրանք առանձին հանդիպումներ են անցկացրել համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Օրակարգում, ի շարս այլ հարցերի, ռազմական գործողությունների վերսկսման վտանգի նվազեցումն էր և դիտորդական առաքելության ընդարձակումը:

Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները՝ Հայաստանի արտգործնախարարը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 29-ին, ասաց, որ միջնորդ երկրների համոզմամբ, հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, ինչն, ըստ էության, փաթեթ է: Դրանից, ըստ նախարարի, անհնարին է անջատել մեկ առանձին սկզբունք, բայց փաթեթային լուծումը ենթադրում է նաև փուլային կիրառում:

Նկատվում է, որ միջնորդները բավական ակտիվ աշխատում են, և այստեղ պետք է նկատել Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ աշխատանքը:

Անցյալ շաբաթ Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտեց, թե Մոսկվան հույս ունի, որ ԵԱՀԿ-ն կարող է ԼՂ հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել: Լավրովը նշել էր, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը. «Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»:

Տարածաշրջանային այցից առաջ՝ Բաքուն անցել է սիրաշահելու քաղաքականությանը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է Պետդեպի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջետ Բրինկի գլխավորած պատվիրակությանը։ Մամեդյարովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը՝ ուղղված ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը։ Նա նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժի կիրառմամբ խախտելու փորձերն անընդունելի են։ Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շեֆերը։

Թե ինչ արդյունքներ կլինեն տարածաշրջանային այս այցի արդյունքում՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, նկատելի է, որ միջնորդները չեն ցանկանում բաց թողնել բանակցությունների շարունակականությունը ապահովելու իրենց հնարավորությունը, և ավելին՝ ըստ ամենայնի, նրանք կողմերից սպասում են ավելին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: