Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացման հետքերով

Feb 11, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացման հետքերով

«Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ հայ- թուրքական արձանագրությունները չեն իրագործվում», երեկ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:

«Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ այդ արձանագրությունները չեն իրագործվում, բայց նաև շարունակում է մնալ այն համոզմանը, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում: Կարծում եմ՝ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում և Շվեյցարիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, նոր լիցք կհաղորդեն խաղաղության հաստատման գործընթացին»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը:

Գրեթե 10 տարի առաջ՝ 2009 թվականի հոկտեմբերին հենց Շվեյցարայի Ցյուրիխ քաղաքում, առավելապես այդ երկրի միջնորդական ջանքերով, ստորագրվեցին հայ- թուրքական արձանագրությունները, որոնք, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց՝ եթե դրանց կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը 2018-ի գարնանը դրանք կհայտարարի «առ ոչինչ»: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ կայացած համատեղ ասուլիսին շտապեց հավելել՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջ չէր քաշել, մինչդեռ Անկարան որոշեց պայմաններ առաջադրել:

Ի դեպ, երեկ Ազգային ժողովում ունեցած իր ելույթում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, Դոմինիկ դը Բյումանը նշել էր՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես մյուս ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, խնդիրի լուծումն էլ հնարավոր է բանակցությունների միջոցով»: «Հայաստանը ներգրավված է ԵԱՀԿ-ի կարգավորման գործընթացում, և հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է արձանագրվի ու փաստագրվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները կարողանան դրան անդրադառնալ ու անհրաժեշտության դեպքում նաև հակազդել: Այդպիսի մեխանիզմներ պետք է գոյություն ունենան ոչ միայն Հայաստանում: Նման մեխանիզմները պետք է գործեն հակամարտությունների պարագայում, կասեցնելու համար վերադարձը դեպի պատերազմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դոմինիկ դը Բյումանը:

Որքան էլ աշխարհն ափսոսանք հայտնի Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալման համար՝ աշխարհը միաժամանակ հասկանում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալել է պաշտոնական Անկարան:

ՈՒ այսօր, որքան էլ թուրք պաշտոնատարները պաշտոնական Երևանին մեղադրեն՝ պարզ է բոլորի համար, որ Անկարան առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման չի պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Թե ինչ պայմաններում Անկարայի այս դիրքորոշումը կփոխվի՝ նույնպես պարզ է. Էրդողանի պատկերացումները հազիվ թե փոխվեն: Առանց Ղարաբաղյան խնդրում տեղաշարժի՝ Անկարան Բաքվի հետ հարաբերությունները՝ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման չի փչացնի: Դա՝ միանշանակ:

Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացումը միանգամայն հասկանալի է ու տեղին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: