19-ամյա ծննդկանին վատ վիճակում ուղարկել են տուն, որ տանը մեռնի. հարազատները բողոքում են

Feb 07, 2018 Comments Off on 19-ամյա ծննդկանին վատ վիճակում ուղարկել են տուն, որ տանը մեռնի. հարազատները բողոքում են

Հայկական ժամանակը գրում է.

Հունվարի 28-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ. Խ.-ի հարազատները անպատասխան շատ հարցեր ունեն:

Երիտասարդ կնոջ մահվան յոթերորդ օրը լրանալուց հետո նրանք որոշել են բողոքի ձայն բարձրացնել, գնալ կատարվածի հետքերով ու վերհանել եղելությունը: Նրանք կարծում են, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը միտումնավոր է եղել, որպեսզի նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ տանը:

Լիլիթի մայրը՝ Լենա Խ.-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ աղջիկը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է բժիշկ Դավիթ Ա.-ի հսկողության տակ, ի դեպ՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո: Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ ասվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, եւ պետք է կեսարյան հատում անել: Վերջին օրը, սակայն տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, եւ կեսարյան հատման անհրաժեշտություն այլեւս չկա: Դավիթ Ա.-ն, ըստ տիկին Լենայի, մանրամասնել է՝ գլուխը մի քիչ բարձր է մնացել, դժվար կլինի, բայց ոչինչ, կօգնենք, ինքնուրույն կծննդաբերես:

Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: «Ամսի 25-ին ես գնացի երեխային տեսա (նկատի ունի դստերը՝ Լիլիթին), շատ վատ էր, տաքություն ուներ: Մի ձեւի ոնց որ հավես չուներ, չէր խոսում հետս…»,- ասաց մահացած ծննդկանի մայրը եւ հուզվելով այլեւս չկարողացավ խոսել:

Նրան շարունակեց Լիլիթի հորաքույրը: «Լիլիթն ասել է, որ ներսից ցավեր ունի, կախվածություն ունի, տաքություն ունի, իսկ բժիշկն իրեն բացատրել է, որ կարերն այտուցված են, կախված է, դրանից է տաքությունը: Ես չեմ հասկանում, եթե կարերը այտուցված են, բժիշկն ի՞նչ պիտի անի: Այտուցվածություն՝ նշանակում է կա բորբոքային պրոցես»,- կարծիք հայտնեց Արմիեն Ա.-ն: Հաջորդ օրը Լիլիթին այցելել է սկեսուրը եւ հարսին հայտնաբերել էլ ավելի վատ ինքնազգացողությամբ: Ծննդաբերության երրորդ օրը, սակայն ծննդկանին դուրս են գրել, ինչը չի նշանակում, որ նա սկսել էր իրեն լավ զգալ:

«Երրորդ օրը, երբ որ դուրս են գրել, երկու հոգի թեւերը մտած վերելակից դուրս են բերել, հասցրել ամուսնուն: Ամուսինը ծաղիկներով է դիմավորել, երեխան (Լիլիթը-խմբ.) ասել է՝ ես չեմ կարող բռնել ծաղիկը, մի տուր, ես լավ չեմ, ես մեռնում եմ: Ամուսինը նայում, տեսնում է քրտինքի մեջ կորած, տաքության մեջ վառվում է: Հենց վերելակի մոտից զանգում է բժշկին, ասում է՝ բժիշկ, կինս լավ չէ, ոնց իրեն ես տուն տանեմ, ախր մենք գյուղ տեղ ենք ապրում, հեռու ենք: Բժիշկը պատասխանում է՝ խնդիր չկա, տաքություն է, կասեմ ինչ դեղեր անեք, արյան տոկոսն է ցածր, սնիկերս տվեք, թող ուտի, անալգին-դիմեդրոլ արեք, թող քնի, իրեն մի խանգարեք»,- փոխանցեց տիկին Արմինեն եւ զայրացած ավելացրեց. «Այսինքն՝ թող քնի, մեռնի, իրեն մի խանգարեք, կարեւորը՝ հիվանդանոցում չմեռնի»:

 

 

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի  այսօրվա համարում: 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: