Դժգոհություններ՝ ՀՀԿ-ի ներսում. Ապրիլից հետո դրանք կվերածվեն պայթյունի՞

Feb 07, 2018 Comments Off on Դժգոհություններ՝ ՀՀԿ-ի ներսում. Ապրիլից հետո դրանք կվերածվեն պայթյունի՞

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից: Ամիսներ առաջ նրանք մտավախություն ունեին, թե Ս. Սարգսյանը 2018–ի ապրիլից հետո կարող է վարչապետ չդառնալ: Մտածում էին՝ եթե նա վարչապետ չդառնա, ապա նոր վարչապետը բոլոր ՀՀԿ–ական պաշտոնյաներին կհանի: Իսկ հիմա, երբ համոզվել են, որ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, դարձյալ նույն մտավախությունն ունեն:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում առանցքային պաշտոններում նշանակում է բացառապես ոչ ՀՀԿ–ականների: Նա ԱԱԾ–ի ղեկավար նշանակեց Գեորգի Կուտոյանին, վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանին, ՀՀ նախագահ է դարձնում Արմեն Սարգսյանին: Թվարկած կադրերից և ոչ մեկը ՀՀԿ–ից չէ:

Պատահական չէր, որ ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին դիսիդենտ Վազգեն Կարախանյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դրան ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»: Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը հարցին էլ պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ…»:

Փաստորեն նա չհերքեց Կարախանյանի կասկածները: Այսինքն, նոր նշանակված կամ նշանակվելիք կադրերի դեմ խոսում են ոչ թե ընդդիմադիրները, այլ հենց կարկառուն ՀՀԿ–ականները:

Կուսակցությունում արդեն անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալով, բոլորովին նոր կադրեր կբերի աշխատանքից ազատելով մականունավորներին ու ժողովրդի կարծիքով՝ «հոգնած դեմքերին»: Ոմանք նույնիսկ կարծում են, թե այս դժգոհությունները պայթյունի կվերածվեն ապրիլից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: