Մի փոքրիկ ակնարկ, և Արա Աբրահամյանի կայսրությունը կպայթի

Feb 08, 2018 Comments Off on Մի փոքրիկ ակնարկ, և Արա Աբրահամյանի կայսրությունը կպայթի

«2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանի գրասենյակը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի: Հայտարարութան մեջ նշվում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից գործարար Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքի անօրինական յուրացման փորձը նոր երանգներ է ստանում: Անցած օրերի ընթացքում «2Ն Քոմփընի» ընկերությունը բազմաթիվ հարցումներ և արձագանքներ է ստացել ԶԼՄ-ներից և հասարակությունից, որոնցից հատկանշականը մի հեռախոսազանգ էր, որում շահարկվում էին Արա Աբրահամյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբրև թե ունեցած ընկերական հարաբերությունները: «Չե՞ք վախենում արդյոք ճշմարտության պայքար մղել Պուտինի ընկերոջ հետ»,- հնչեց լրագրողի հարցը:

«2Ն Քոմփընի» ընկերությունը չէր անդրադառնա այս թեմային, եթե այն չհրահրվեր հենց իր՝ Արա Աբրահամյանի կողմից: «2Ն Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը մեկնաբանել է հարցը՝ անբարոյական ու ամոթալի համարելով Արա Աբրահամյանի կողմից սեփական ապօրինությունները Պուտինի հետ ունեցած իբրև թե մտերիմ հարաբերություններով սքողելը: «Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ռեյդերական յուրացումներ է իրականացնում, հայերի դեմ շինծու մեղադրանքներով քրեական գործեր է պատվիրում՝ թևեր առնելով Ռուասաստանի նախագահի հետ մտերիմ լինելու մտացածին ասեկոսեների շնորհիվ: Հետաքրքիր է՝ կասկածո՞ւմ է ինքը՝ Պուտինը, որ իրեն աջուձախ ընկեր է համարում մի մարդ, ով ունակ չէ գրագետ երկու նախադասություն իրար կապելու, Ռուսաստանի հայերի միության նախագահի ելույթների ժամանակ հայերի մեծամասնությունը կարմրում է և ամոթից գետինը մտնում: Անձամբ ես չեմ կարծում, թե Արա Աբրահամյանը մեր նախագահի ընկերն է: Ես կարծում եմ՝ մեր նախագահը գիտի ինչպես իրեն ընկերներ ընտրել»,- հայտարարել է Ռուբեն Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ այս կարգի տեղեկությունների շրջանառումը անհասկանալի իրավիճակ է ստեղծում նաև քաղաքական առումով: «Ես կարծում եմ, որ Արա Աբրահամյանը իր համար միավորներ է հավաքում՝ սուտ տեղեկություններ տարածելով, թե ինքը ՌԴ նախագահի ընկերն է»,- ասել է «2Ն Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը: Նա

նաև շինծու է համարել ռուսական մամուլում օրերս հրապարակված տեղեկությունը, թե Արա Աբրահամյանի կինը՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանը, Պուտինի կնոջ քույրն է: Նա հավանական է համարում, որ այդ լուրը հատուկ է հրապարակվել, որպեսզի  համապատասխան շրջանակներում բարձրացվի Աբրահամյանի «ավտարիտետը»: «2Ն Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը կարծիք է հայտնել, թե այս կարգի լուրերը մեծ վնաս են հասցնում Պուտինի նախընտրական քարոզչությանը:

Ռուսաստանում ապրող և աշխատող երկու հայ գործարարների՝ մենամարտի տպավորություն թողնող այս հակամարտությունը կարծես թե ավելի է պարզվում. խնդիրը Պուտինի բարեհաճության վիճարկումն է: Ռուսաստանում աշխատող գործարարների համար Կրեմլի հետ լավ հարաբերություններ ունենալը միշտ էլ կենաց մահու պայքար է եղել: Պատճառները հասկանելի են՝ առանց Կրեմլի դրական վերաբերմունքի որևէ մեկը, այդ թվում նաև հաջողակ հայերը Ռուսաստանում լուրջ փողատեր չէին կարող դառնալ: Բայց սա մեդալի միայն մի կողմն է. շատերը մեծ գումարներ են ծախսում, որպեսզի արժանան Պուտինի բարեհաճության կամ, որ ավելի ցանկալի է, ընկերության պատվին: Բայց եթե մարդիկ կարողանում են Պուտինի հետ թեյի կամ սուրճի սեղանի մոտ նկարվել, նրա հետ որոշակի գործնական հարաբերություններ ստեղծել, դա դառնում է իմիջ, որը հետագայում նաև լուրջ քաղաքական և տնտեսական կապիտալի է վերածվում: Կոնկրետ Արա Աբրահամյանը իսկապես կարողացել է նման իմիջ ստեղծել, և Պուտինի հետ կապը նրա համար պաշտպանիչ վահան է եղել: Աշխարհի բոլոր երկրներում էլ նույն ոլորտում աշխատող գործարարները միմյանց հետ ունենում են շահերի բախում և հակասություններ: Բայց Արա Աբրահամյանի և Ռուբեն Գրիգորյանի հակամարտության նրբությունը Պուտինն է՝ նրա հովանավորությունը, որն այժմ վիճարկվում է:

Ռուբեն Գրիգորյանը պատռում է Արա Աբրահամյանի ստի դիմակը. ընդամենը մի փոքր ակնարկ, և Արա Աբրահամյանի կայսրությունը կպայթի: Բավական է՝ Պուտինը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարի, որ ինքը նաև Ռուբեն Գրրգորյանի ընկերն է և որևէ տարբերություն չի դնում նրա և Աբրահամյանի միջև, Ռուսաստանի հայերի միջև հեղափոխություն կսկսվի: Որպես համայնք՝ Ռուսաստանի հայերի ներքին խնդիրների կարգավորումը անշուշտ կարևոր է, սակայն երբ դրանք դուրս են գալիս համայնքի ներքին շրջանակներից և վերաճում քաղաքական նկրտումների, դառնում են վտանգավոր: Թերևս Կրեմլը որոշել է փոխել հաճախորդներին, և դա արվում է համայնքի հաշվին:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: