Նոր կոալիցիա է ձեւավորվում

Feb 08, 2018 Comments Off on Նոր կոալիցիա է ձեւավորվում

Ինչպես հայտնի է չնայած այն հանգամանքի, որ մի երկու տարի առաջ նախորդ խորհրդարանի ընդդիմադիրները ՀՀԿ-ի հետ զօրուգիշեր աշխատեցին նոր Ընտրական օրենսգրքի վրա ու վերջում էլ այն հռչակեցին պատմական փաստաթուղթ, սակայն ընտրություններից հետո, երբ բոլորը հասկացան, թե որտեղ է իշխանությունն իրենց քցել, հետողորմեա արեցին:

Մասնավորապես, Ծառուկյան խմբակցությունը նախաձեռնել է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Գաղտնիք չէ, որ անցած խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ապահովեց իր վերարտադրությունը հենց այդ ընտրակարգի շնորհիվ: Իշխանության, եւ ոչ միայն, տեղական իշխանիկները կարողացան իրենց տարածքներում սեփական ռեսուրսների շնորհիվ քվե գնել հանուն հարազատ կուսակցության: Բնական է, որ Ելք խմբակցությունը պետք է ողջուներ այս նախաձեռնությունը, քանի որ այս կուսակցությունում ի տարբերություն ռեսուրսակիրների , ռեյտինգային ընտրակարգը ամենեւին եղանակ չի փոխում: Սակայն պարզվում է՝ դրան կողմ է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած դաշնակցությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ ԸՕ-ի քննարկումների ժամանակ ՀՅԴ-ականներն առաջարկում էին նվազեցնել ընտրատարածքների թիվը, այն ներկայումս 13-ն է; Սակայն ընտրություններից եւ հատկապես ՀՅԴ-ի խորհրդարան անցնելուց հետո սպասելի էր, որ ՀՅԴ-ում կմոռանան կամ կլռեն այդ մասին: Մինչդեռ այսօր պարզվեց հակառակը: Պատասխանելով հարցին, թե ժամանակին ՀՀԿ-ականներն ատամներով պահում էին ռեյտինգային ընտրակարգը, ինչո՞ւ պետք է հիմա զիջումների գնան, Ռուստայանն ասաց ՙՙԱյս բոլոր քննարկումները երբ գնում էին, առաջամարտիկը միշտ եղել է ՀՅԴ-ն՝ կապված համամասնական ընտրակարգի հետ: Տուրք տալով նրան, որ պետք է ի վերջո ձևավորվեր համախոհություն, երբ 4+4+4 ֆորմատով աշխատում էինք, մենք ասացինք՝ հանուն համախոհության համաձայն ենք այս տարբերակին, բայց ռեյտինգային այս տարբերակը մեզ համար անընդունելի է: Եվ մենք հենց առաջին պահից այս մասին ասացինք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Այսինքն՝ իրենց համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք այս գործող կարգին: Հարցը հետևյալն է՝ ինչպիսի համակարգի անցում կատարել, այստեղ է, որ խնդիրները տարբեր են, և մենք կոալիցիոն հուշագրում շատ հստակ ամրագրել ենք նաև դա”:

Ըստ Ռուստամյանի՝ կոալիցիոն հուշագրում հստակ գրված է, որ կոալիցիոն ուժերը պետք է շարունակեն միասին բարեփոխել ու կատարելագործել Ընտրական օրենսգիրքը: “Իրենք առայժմ այս ռեյտինգային համակարգն ուզում են պահպանել, մենք դեմ ենք: Մենք անցած փորձը մատնանշելով՝ ասում ենք, որ սա դասականից շեղում է: Ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքներին: Մեզ մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո բաշխվում են մանդատները, ինչը առաջացնում է անարդարություն: Իսկ երբ լինի մեր պատկերացրած ռեյտինգավորումը, ժողովուրդն ինքը կորոշի, թե մանդատները կոնկրետ ում պետք է գնան”,- ասաց Ռուստամյանը: ՀՅԴ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ամբողջական փաթեթ ներկայացնելու հարցը: Իհարկե, ՀՅԴ-ում վերջին ժամանակներում ավանդույթ է դարձել իշխանություններից եւ նրանց գործողություններից բողոքելը: Մի տեսակ անշնորհակալ մարդու տպավորություն են թողնում հին ընկերները: Ստացվում է իրենք դժգոհ են շատ ու շատ բաներից, բայց միեւնույն ժամանակ շարունակում են կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, շարունակում են օգտվել իշխանական բարիքներից ու պատեհ առիթով քննադատել այդ բարիքները ծնող իշխանությանը: Իսկ հիմա փաստացի նոր կոալիցիա է ձեւավորվում ընդդիմության դաշտում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: