Ուշադրություն դիմորդներին. ե՞րբ ուժի մեջ կմտնի հայոց լեզվից պարտադիր ընդունելության քննության պահանջը

Feb 10, 2018 1 Comment

Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը, սահմանում է հայոց լեզվի պարտադիր ընդունելության քննություն բոլոր բուհերի բոլոր մասնագիտություններով դիմորդների համար: Մասնավորապես օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ կետում նշվում է. «Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված (այդ թվում՝ օտարերկրյա բուհերում կամ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերում), բակալավրի կրթական աստիճանի (ինչպես նաև առաջին և երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցմամբ) ցանկացած մասնագիտության գծով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության վկայագիրը պարտադիր է»: Սա նշանակում է, որ բոլոր բուհերի, այդ թվում նաև Հայաստանում գործող օտարերկրյա և միջպետական բուհերի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի  և այս կարգի այլ բուհերի դիմորդները, ովքեր այժմ հայերենից ընդունելության քննություն չէին հանձնում, ստիպված կլինեն քննություն հանձնել՝ հայոց լեզվի վկայագիր ստանալու համար:

Սահմանվում է նաև, որ պետության լիազորած մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպած քննությունները հանձնած և դրական միավորներ ստացած անձինք ստանում են վկայագրեր, որի ձևը և գործողության ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Եթե Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվի ակնկալվող ժամկետներում, այն է՝ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, ապա հայոց լեզվից պարտադիր ընդունելության քննություն հանձնելու պահանջը, համաձայն նախագծի անցումային դրույթների, ուժի մեջ կմտնի 2019/2020 ուստարվանից սկսած: Այսինքն՝ գալիք տարվա դիմորդների վրա այս պահանջն արդեն կտարածվի: Քննությունների առաջադրանքները սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան:

Այն անձինք, ովքեր ընդունելության համար ներկայացվող ավարտական փաստաթղթում չունեն ավարտական գնահատական «Հայոց լեզու» առարկայից, կարող են դրա փոխարեն քննություն հանձնել այլ առարկայից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Մեր ճշտող հարցին, թե դիմորդի ավարտական փաստաթուղթը՝ ատեստատը, և դրանում առկա հայոց լեզվի գնահատականը կարո՞ղ է ընդունվել որպես վկայագիր, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանը պարզաբանեց. «Ո՛չ, չի կարող: Խոսքը առանձին քննություն հանձնելու և պետության կողմից սահմանված կարգով վկայագիր ստանալու մասին է»: Նշենք, որ օրենսդրական այս նորամուծությամբ ավելանում է քննական բեռը օտարերկրյա և ՀՀ պետական ու մասնավոր բուհերի այն դիմորդների, ովքեր կարող էին դեռևս գործող օրենքով ներկայացնել ոչ մրցութային առարկա հանդիսացող հայոց լեզվի՝ ատեստատում նշված գնահատականը:

 

 Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ուշադրություն դիմորդներին. ե՞րբ ուժի մեջ կմտնի հայոց լեզվից պարտադիր ընդունելության քննության պահանջը” հրապարակմանը

  1. Անուն Լիլիթ says:

    «Եթե Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվի ակնկալվող ժամկետներում, այն է՝ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, ապա հայոց լեզվից պարտադիր ընդունելության քննություն հանձնելու պահանջը, համաձայն նախագծի անցումային դրույթների, ուժի մեջ կմտնի 2019/2020 ուստարվանից սկսած: Այսինքն՝ գալիք տարվա դիմորդների վրա այս պահանջն արդեն կտարածվի»:
    Մի՞թե գալիք տարվա դիմորդները 2018-2019 ուստարվա դիմորդներ չեն: 2018-2019 ուստարվա դիմորդների համար հայոց լեզվի քննությունը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Հստակեցրե՛ք: