Ինչո՞ւ է շտապում Ալիևը հասնել Սերժ Սարգսյանին

Feb 08, 2018 2 Comments

Երեկ անսպասելիորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր: Մինչդեռ օրենքով նախատեսված կարգով այս տարվա նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին:

Ալիևի որոշումը մեծ անակնկալ էր, թեև ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին:

Բացի այդ «արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ Անցած շաբաթ իշխող կուսակցությունը՝ «Եզի Ազերբայդժանը», Ալիևին առաջադրել էր նախագահության թեկնածու: Փաստորեն, Ալիևը վճռել է վեց ամիս ավելի շուտ կազմակերպել իր առավել քան հավանական վերընտրությունը:

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն արհմիությունների համագումարում խոսել է պետության ղեկավարին աջակցելու անհրաժեշտության մասին: «Արհմիություններն ընտրություններում միշտ սատարել են Իլհամ Ալիևին, մենք հավատում ենք, որ դուք այս անգամ էլ ձեր խոսքը կասեք, կոչ եմ անում ձեզ ակտիվորեն մասնակցել արտահերթ ընտրություններին»,- ասել է Հասանովը:

Ալիևի մտադրության մասին հանրության մեծ մասը գուցեև չի իմացել, բայց քաղաքական շրջանակներում նկատել են որոշակի ազդակներ: Օրինակ, դեռ հունվարի 29-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է քվեատուփեր և ընտրությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, կնիքներ, գրենական պիտույքներ պատվիրելու որոշում:

Այժմ գլխավոր հարցը հետևյալն է՝ ի՞նչն է Ալիևին ստիպել կես տարով արագացնել ընտրությունները… Ժամկետի փոփոխությունը կապված է տարածաշրջանում, Հարվային Կովկասում, և ինչու չէ՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ:

Կա տեսակետ նույնիսկ հայկական գործոնի մասին, քանի որ Հայաստանում ապրիլին կավարտվի խորհրդարանական-վարչապետական համակարգին անցնելու գործընթացը, իսկ Ալիևն, իբր, ցանկանում է նոր մանդատով շարունակել բանակցությունները հայկական կողմի հետ:

Մինչդեռ, ադրբեջանական ընդդիմությունը ենթադրում է, որ կես տարով ընտրություններն արագացնելու որոշումն ավելի շատ բխում է երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակից: Առաջին անգամ 2003-ից ի վեր, երբ Իլհամ Ալիևը ստանձնեց իշխանությունը, ընտրությունները տեղի են ունենում ընդհանուր համակարգային և, մասնավորապես տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Դա իշխանության համար որոշակի վտանգներ է ստեղծում: Ալիևի գերդաստանը ցանկանում է ընտրություններն անցկացնել՝ խուսափելով զանգվածային ընդվզումներից:

Այսինքն, արտահերթ ընտրությունների պայմաններում թե՛ դասական ընդդիմությունը, և թե՛ ներիշխանական վերնախավում Ալիևից դժգոհ շրջանակները զրկվում են քաղաքական մանևրի հնարավորությունից:

«Հայր և որդի Ալիևներն արդեն 45 տարի են իշխում, Իլհամ Ալիևը գիտեր, որ արդար և թափանցիկ ընտրություններ պահանջող ընդդիմությունը մինչև հոկտեմբեր կկազմի ընտրությունների կեղծման դեմ պայքարի մարտավարություն, դրա համար էլ ավելի շուտ է անցկացնում քվեարկությունը: Այդպես նա կփորձի կանխել բողոքի ակցիաները և վնասազերծել ընդդիմության ճամբարից բխող վտանգը», – Turan գործակալությանն ասել է Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին:

Փորձագետները նշում են ևս մեկ՝ առավել տեխնիկական հանգամանք. այս ընտրություններում նախագահն ընտրվելու է արդեն 7 տարի ժամկետով, դա նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային, ինչպես նախատեսված էր, հոկտեմբերին, ապա 7 տարի անց՝ 2025թ. նախագահական ընտրությունները ժամկետային առումով գրեթե կհամընկնեին խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը լրացուցիչ բարդություն է երկրի համար:

«Բացի այդ, այս ապրիլին նախատեսված են Ռուսաստանի ընտրությունները, Եվրոպայի և Ամերիկայի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կլինի, ադրբեջանական ընտրությունները կմնան ստվերում», – ասել է ReAL ընդդիմադիր շարժման ղեկավար Նատիկ Ջաֆարլին:

Ինչևէ, հնարավոր է, որ բոլոր այս գործոններն իրար հետ կապ ունեն, և Ալիևը որոշել է նախընտրական հնարավոր թոհուբոհն իր երկրում բացառել ևս մեկ լրացուցիչ քայլով՝ առաջ գցելով իր ընտրությունը: Դա կարող է կապված լինել թե՛ նախընտրական վտանգների, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի բանակցողից՝ Սերժ Սարգսյանից չտարբերվելու գործոնով:

Ամեն դեպքում, Ալիևի շտապողականությունն ակնհայտ է և այդ շտապողականությունն առաջին հերթին նրան մոտ առկա որոշակի վտանգների մասին է փաստում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Ինչո՞ւ է շտապում Ալիևը հասնել Սերժ Սարգսյանին” հրապարակմանը

  1. Ինչո՞ւ է շտապում Ալիևը հասնել Սերժ Սարգսյանին | SocialMedia says:

    […] hayeli.am-ը գրում է. «Երեկ անսպասելիորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր: Մինչդեռ օրենքով նախատեսված կարգով այս տարվա նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: […]

  2. Ինչո՞ւ է շտապում Ալիևը հասնել Սերժ Սարգսյանին - BlogZone.am says:

    […] hayeli.am-ը գրում է. «Երեկ անսպասելիորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր: Մինչդեռ օրենքով նախատեսված կարգով այս տարվա նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: […]