Էրդողանը խոնարհվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հռոմի պապի առջև

Feb 08, 2018 Comments Off on Էրդողանը խոնարհվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հռոմի պապի առջև

Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցը՝ Վատիկան 59 տարվա դադարից հետո

Վատիկանում երեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. հանդիպեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը:

Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014թ:

Էրդողանը մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ այս այցը գնահատում է որպես աշխարհին բարեկամության ու խաղաղության ուղերձներ հղելու կարևոր առիթ: Ի դեպ, մինչ Թուրքիայից մեկնելը լրագրողների հետ զրույցում, խոսելով վատիկանյան այցից իր սպասումների մասին, Էրդողանն ասել էր. «Մենք ցանկանում ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալ»:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։

Թե ինչ են խոսել Թուրքիայի նախագահն ու Հռոմի պապը, հայտնի չէ: Երկու առաջնորդների մոտ մեկժամյա հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Քննարկմանը ներկա լրագրողները, այդուամենայնիվ, պատմել են, որ Ֆրանցիսկոս Առաջինը Էրդողանին նվիրել է հուշամեդալ «պատերազմի չարիքի դեմ պայքարող հրեշտակի պատկերով»:

«Սա խաղաղության և արդարության վրա հիմնված աշխարհի խորհրդանիշն է», – ըստ ականատեսների, ասել է կաթոլիկ առաջնորդը Թուրքիայի նախագահին, ով այժմ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում ու ճնշում ընդդիմախոսներին սեփական երկրի ներսում: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Էրդողանն հանդիպեց Հռոմի Ֆրանցիսկոսի պապի և Իտալիայի նախագահի հետ՝ Հռոմում ուժեղացված ոստիկանական հսկողության ու այցի դեմ կազմակերպված ցույցերի ֆոնին: «Ամոթ է, որ Իտալիայի կառավարությունն ընդունում է Էրդողանին»,- հայտարարել է Իտալիայի ազգայնական «Հյուսիսային լիգա» կուսակցության առաջնորդներից Մատեո Սալվինին՝ Էրդողանին բնորոշելով որպես «արյունարբու, ազատությունը սպանող վարչակազմի» ղեկավար: Նույնն էին պնդում նաև այսօր Հռոմում բողոքի ցույցի դուրս եկած ակտիվիստները:

«Մեր ուղերձը հետևյալն է․ մենք չենք բանակցում ֆաշիստների հետ, իսկ Էրդողանը ֆաշիստ է: Նա ճնշում է հայերին, կանանց ու լրագրողներին: Նա քրեական հանցագործ է, և այսօր Էրդողանի մակարդակի հանցագործը չպետք է ընդունելության արժանանա Հռոմում», – ասել է ցուցարարներից մեկը:

Ցույցը կազմակերպել էին քրդական կազմակերպությունները, որոնց ակտիվիստները ոչ միայն իրենց ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի, այլև Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից սպանված երեխաների նկարներն էին բերել: Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, թե Աֆրինում սկսված այդ ռազմական գործողությունների թիրախում են միայն ահաբեկիչները:

Թերևս, այդ պատճառով ցույցի մասնակիցները սպանված երեխաների անունների փոխարեն լուսանկարները մակագրել էին` «Ահաբեկիչ»: «Աֆրինում տեղի է ունենում մարդկության դեմ նոր հանցագործություն», – հայտարարում էին ցույցի մասնակիցները: – «Հուսով ենք, որ Ֆրանցիսկոս պապը, ով միշտ հանդես է գալիս խաղաղության օգտին և ընդդեմ պատերազմի, այսօր կքննադատի Էրդողանի վարած քաղաքականությունը, և դրանով իսկ կբարձրացնի իր քաղաքական և հոգևոր առաջնորդի կշիռը: Եթե նա իսկապես կարևորում է կյանքը, ինչի մասին ասում էր երեկ Վատիկանում, ուրեմն պետք է խոսի նաև այն մարդկանց մասին, որոնք այսօր թուրքական բանտում են»:

Ցույցը մարդաշատ չէր. նախօրեին Հռոմի իշխանությունները 24 ժամով արգելել էին զանգվածային հանրահավաքներն ու բողոքի ակցիաները քաղաքի կենտրոնում՝ թերևս հենց քրդերի ակցիաներից զգուշանալով: Այդուամենայնիվ, բախումներից խուսափել չհաջողվեց: «Ռոյթերզի» հաղորդմամբ, մի քանի ակտիվիստներ այսօր փորձել են հաղթահարել ոստիկանական պատնեշն ու մոտենալ Վատիկանին: Սկսվել են անկարգություններ, երկու մարդ ձերբակալվել է, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Վատիկան մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը նշել էր, որ պատրաստվում է Հռոմի պապի հետ քննարկել մի շարք հարցեր՝ քրիստոնյաների ու մահմեդականների հարաբերություններից մինչև սիրիական ճգնաժամ: Միաժամանակ հաղորդվում էր, որ հանդիպման առանցքային հարցը լինելու է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որի շուրջ երկու առաջնորդներն էլ միևնույն դիրքորոշումն ունեն: «Մենք երկուսս էլ կողմ ենք Երուսաղեմի ստատուս քվոյին և պետք է պաշտպանենք դա», – Վատիկան ժամանելուց առաջ իտալական մամուլին տված հարցազրույցում ասել էր Էրդողանը՝ գովեստի խոսքեր շռայլելով կաթոլիկ առաջնորդի հասցեին:

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ երկկողմ հարաբերությունները միշտ չէ, որ այսչափ ջերմ են եղել. 2015-ին, երբ Ֆրանցիսկոս Առաջինը ցեղասպանություն որակեց 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, նախագահ էրդողանը ոչ միայն հետ կանչեց Վատիկանից իր դեսպանին, այլև «զառանցանք» որակեց Պապի այդ խոսքերը՝ խորհուրդ տալով այլևս դրանք չկրկնել:

Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ ճգնաժամի ֆոնին

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան այցի առիթով անդրադարձ է ներկայացրել Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ու հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած ճգնաժամի վերաբերյալ:

«2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Նա իր ելույթում այն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և հղում կատարեց 2001թ. Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` ցեղասպանության վերաբերյալ ստորագրած հռչակագրին: Այս դեպքերից հետո Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները 10 ամիս շարունակ պահվում էին դեսպանի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016թ. փետրվարին երկկողմ նոր բանակցությունների արդյունքում Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան»,- գրել է հոդվածի հեղինակը՝ վերհիշելով, որ այդ ժամանակ Հռոմի պապի նման քայլը կոշտ քննադատության ենթարկած Էրդողանը մեղադրել էր նրան պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու համար:

Հոդվածագիրը նաև նկատել է, որ Էրդողանի քննադատությունները հետ չպահեցին Ֆրանցիսկոս պապին, որը Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս անց էլ՝ արդեն 2016թ. հունիսին, այցելեց Հայաստան և ևս մեկ անգամ արտասանեց ցեղասպանություն բառը: «2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Ֆրանցիսկոս պապը ելույթում, հղում անելով 2001թ. Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ցեղասպանության վերաբերյալ ստորագրած ընդհանուր դեկլարացիային, Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այս ելույթից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին»,-հիշեցվում է հոդվածում:

Հեղինակը նաև հիշեցրել է Էրդողանի կոշտ արձագանքը Պապի ելույթին, որում Թուրքիայի նախագահը կրկնել էր արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իր մշտական «առաջարկը» և քննադատել Պապին՝ իր բնորոշմամբ պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու և սխալ հայտարարություններ անելու համար: «Այս դեպքերից հետո Թուրքիան 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահում էր գործերի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016թ. փետրվարին երկկողմանի նախաձեռնությունների շնորհիվ Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան: Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները կրկին բնականոն հունի մեջ մտան, սակայն համաձայն Վատիկանի աղբյուրների՝ երկու երկրների հարաբերություններում իրական մերձեցում կարող է գրանցել միայն Երուսաղեմի խնդիրը: Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս հետո 2016թ. հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց ցեղասպանություն բնութագրումը:

Էրդողանը Վատիկանի ու ԵՄ առաջնորդների հասցեին քննադատական հայտարարությամբ հանդես եկավ 2017թ. մարտին, երբ Հռոմի պայմանագրի 60 ամյակի առիթով Իտալիա ժամանած ԵՄ երկրների ղեկավարները հանդիպում ունեցան Պապի հետ: «Ինչու՞ են Վատիկանում հավաքվել: Պապը երբվանի՞ց է դարձել Եվրամիության անդամ: Խաչակրաց դաշինքը, վերջապես, ցույց տվեց իրեն»,-ասել էր Էրդողանը, հիշեցնում է Ermenihaber.am-ը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: