Էլի՞ վարչապետին

Feb 07, 2018 Comments Off on Էլի՞ վարչապետին

Մի քանի շաբաթ է Հայաստանի քաղաքական երկնակամարում շողշողում է միայն մեկ աստղ, եւ այդ աստղը ապագա վարչապետինն է: Բոլոր գործընթացներն , օրենսդրական ձեռնարկները տանում են նրան, որպեսզի ապրիլից հետո վարչապետի ձեռքում կենտրոնացվի ողջ իշխանությունը, ինչն այսօր ՀՀ նախագահի դեպքում է: Ավելին՝ նոր մոդելի անվան տակ ավելի են ուժեղացրել վարչապետի լիազորությունները, քան այսօրվա գործող նախագահինն է:

Այսպիսով՝ հանրությանը մատուցվեց հերթական ապացույցը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում որոշել է ցմահ մնալ իշխանության եւ բռնապետական համակարգ ստեղծել: Փակել կառավարության նիստերը, արգելել նաև կառավարության անդամների շփումը լրագրողների հետ: Աղմկահարույց այս նախագիծը թվում էր գործընթացի վերջն է լինելու, սակայն միայն թվում էր:

Պետաիրավական հանձնաժողովում Ծառուկյան եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորները հավանության են արժանացրել Ներման մասին օրենքի նախագիծը, որը իսկական ծաղր է ՀՀ ապագա նախագահի նկատմամբ:

Ինչպես հայտնի է 2015 թվականին փոփոխված Սահմանադրության մեջ ներման հարցը թողնված է նախագահին՝ 135 հոդված,որտեղ հստակ սահմանվում է, որ հարցն այս նախագահի լիազորությունների շրջանում է, սակայն ներկայացված նախագծով փաստացի ներման իրավունքը անցնում է վարչապետին: Վարչապետն է որոշում՝ բավարարե՞լ դատապարտյալի դիմումը, թե՞ մերժել, և ըստ դրա՝ նախապատրաստում նախագահի հրամանագիրը, նախագահն էլ կարող է համաձայնվել վարչապետի հետ ստորագրել կամ չստորագրել հրամանագիրը, որի դեպքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունի:

Պատկերացրեք, որ Արմեն Սարգսյանը որոշում է ՍԴ-ով վիճարկել Սերժ Սարգսյանի նախապատրաստած ակտը, պատկերացնելն անգամ անհնարին է, քանի որ մյուս կողմից ստացվում է, որ նախագահը վիճարկելու է նախագահի հրամանագիրը, որը վարչապետի կողմից է նախապատրաստվում:

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ ունենալով սույն նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ներման մասին օրենքի նախագծում հակասություն կա Սահմանադրության հետ, քանզի նա վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը, ասել է, որ այդ իրավունքը պետք է իրացվի բացառապես նախագահի կողմից: Նրա կարծիքով՝ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված «Ներման մասին» նոր օրինագիծը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու և վարչապետին տալու նախագիծ է։ Նախագահն ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը և ինքն էլ ներում շնորհի նրան, այլ ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին։

Սա իսկապես զավեշտի է հասնում, ստացվում է, որ երկրում ցանկացած հարց կարգավորելու է վարչապետը, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգի իմասն էլ այն է, որ իշխանության գերկենտրոնացում առաջ չգա, գործեն հակակշիռների մեխանիզմներ: Քիչ է մնում կառավարությունը նախագիծ ներկայացնի այն մասին, որ ժեկ-ի պետերն էլ պետք է ընտրվեն վարչապետի առաջարկով:

Իհարկե, Հայաստանում դե ֆակտո այդ հարցերն էլ են լուծվում առաջին դեմքի մակարդակով, սակայն իշխող ՀՀԿ-ն մեզ վստահեցնում էր, որ գնում են սահմանադրական փոփոխությունների ոչ թե իրենց իշխանությունը հավերժականացնելու, այլ կառավարման նոր մոդել ստեղծելու նպատակով: Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ինչ էր լինելու, եթե ներում շնորհելու իրավունքը ստանար բացառապես նախագահը: Միթե Սերժ Սարգսյանը չի վստահում իր իսկ ընտրած թեկնածուին, թե պատրաստ է կառավարել ցմահ ու Արմեն Սարգսյանը յոթ տարի հետո հեռանալու է, ով գիտե, թե ով է նրան փոխարինելու: Պետք է պատրաստ լինել ամեն ինչի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: