Տան եղածը ծախելը հաջողության նշան չէ

Feb 08, 2018 Comments Off on Տան եղածը ծախելը հաջողության նշան չէ

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է 2017-ին պետական գույքի օտարումից ստացված արդյունքների մասին, որոնք  աննախադեպ են թե գարծարքների քանակի, թե ֆինանսների շրջանառության տեսանկյունից:

Եվ այսպես՝ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ. դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ. դրամ: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5 տոկոսով: Այսինքն՝ աճել են համարյա 5 անգամ:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ (2016-ի համեմատ ավելի՝ 5,5 տոկոսով): Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8 տոկոսով: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ. դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ. դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 166 366.8 հազ. դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 385 տոկոսով:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ, աճը՝ 852 տոկոս: Նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 2 մլրդ 46 մլն 278 հազ. դրամ, ինչը 2016-ի դիմաց ավելի է 165,9 տոկոսով: ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 390 մլն դրամ, աճը՝ 175 տոկոս: Հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 59 316.1 հազ. դրամ գումար:

« 2017-ի ընթացքում աճուրդի միջոցով օտարվել է պետական գերատեսչություններից օպտիմալացման ենթարկված 704 միավոր տրանսպորտային միջոց: 2016-ի համեմատ քանակական աճը կազմել է 80 տոկոս, իսկ արժեքայինը՝ 110: Աճուրդների կազմակերպման գործընթացում թերություններն ամբողջությամբ վերացնելու նպատակով նախատեսվում է 2018-ի ընթացքում աճուրդները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով: Սահակյանի տեղեկացմամբ՝ պետական գույքի հաշվառման գործընթացում ևս նախատեսվում են արմատական բարեփոխումներ՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ցանկացած պահի հասկանալ համապատասխան գույքի օգտագործման արդյունավետությունը և այլն: Պետական գույքի կառավարման վարչության պետի համոզմամբ՝ էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի բոլոր գերատեսչություններին, և արդյունքում կունենանք պետական գույքի հաշվառման իդեալական բազա»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միաժամանակ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված է 47 պետական գույք, և ներկայացրել բարձր արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացացը:
Կարապետյանը հանձնարարականեր է տվել գերատեսչությունների, մարզպետարանների և համայնքների ենթակայության ներքո գտնվող բոլոր անշարժ գույքերը հաշվառելու և ոչ էֆեկտիվ ծախսերը կրճատելու վերաբերյալ. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք: Սակայն ճիշտ ուղղությամբ ենք գնում, լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք: Իրականում մեր գույքի սեփականատերը դուք եք, մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ 2018-ին որակապես այլ խնդիր ենք դնում, դրանով չենք բավարարվելու»: Վարչապետը նաև կարևոր համեմատություն է արել՝ ասելով, որ պետական սեփականություն համարվող անշարժ գույք չօգտագործելը նման է այն բանին, որ մարդը տանը, վարչապետի բառերով ասած, «լիքը բան ունեա, ո՛չ դու հագնես, ո՛չ բարեկամիդ տաս, ոչ մի բան չանես: Հա պահես-պահես, օգուտդ ո՞րն ա»:

Ասածի մեծ թերևս կա ճշմարտություն. եթե անշարժ գույքի նպատակային չի օգտագործվում, այն պետք է օտարել կամ էլ ծրագիր մշակել՝ արդյունավետ օգտագործման: Բայց կոնկրետ դեպքում այն 2017 թվականի ֆանտաստիկ աճի տոկոսները, որոնք ապահովվել են անշարժ գույքի օտարումից, միշտ չէ, որ անարդյունավետ օգտագործվող տարածքներ են եղել: Տարբեր ոլորտներում օպտիմալացման հետևանքով ազատված անժաշժ գույքը, այդ թվում նաև դպրոցների և բուժհաստատությունների շենքերը կառավարությունը օտարեց: Կոնկրետ կրթական շենքերի դեպքում դա օրենսդրության կոպտագույն խախտում է, որովհետև դպրոցների և կրթական հաստատությունների շենքերը, եթե անգամ դրանք դատարկվում են, պետք է օգտագործել բացառապես կրթական նպատակներով:

Խայտառակ պատկեր ունեցանք առողջապահության ոլորտում՝ հիվանդանոցները մեկը մյուսի հետևից օտարեցին, և կառավարությունը չներկայացրեց որևէ հաշվետվություն այն մասին, որ օտարումից հետո շենքերը պահպանելու են առողջապահական պրոֆիլը: Եթե վարչապետի բառերով ասելու լինենք՝ տան եղածը վաճառելով փող կուտակելը, եթե այդ փողը հետո գործի մեջ չի դրվելու, հաջողություն կամ ձեռքբերում չէ:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: