Իսկ Արմեն Սարգսյանի առաջին հայրենիքը ո՞րն է.Լեւոն Շիրինյան

Feb 06, 2018 Comments Off on Իսկ Արմեն Սարգսյանի առաջին հայրենիքը ո՞րն է.Լեւոն Շիրինյան

ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում  ՀՀ դեսպան  Արմեն Սարգսյանը ,նախապես հայտարարած հանդիպումների շարքը Հայաստանում չավարտած, մեկնեց Ռուսաստան, որի համար նա արդեն հասցրել է հայտարարել, որ իր երկրորդ հայրենիքն է:  Ի սկզբանե նախագահի պաշտոնում Լոնդոնում երկար տարիներ ապրած Սարգսյանի թեկնածության առաջադրումը մեկնաբանվեց իբրեւ արտաքին աշխարհին, մասնավորապես, Արեւմուտքին արված ժեստ, քանի որ խիստ ռուսական կողմնորոշում ունեցող ներկայիս իշխանության պարագայում արեւմտյան արժեհամակարգին հոգեհարազատ Սարգսյանի առաջադրումը պետք է  որ ջերմորեն  ընդունվեր այդ շրջանակներում:  Սակայն մոսկովյան այցը կարծես հօդս ցնդեցրեց այդ պատրանքները, քանի որ դա դիտարկվեց  Ռուսաստանից <<դաբրո>> վերցնելու քայլ:  Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Սարգսյանի՝<< երկրորդ հայրենիք >>արտահայտությանն արձագանքեց այսպես.<<Բա առաջին հայրենիքը ո՞րն է, Անգլիա՞ն… Այնտեղ երկար տարիներ է ապրել: Իսկ Հայաստա՞նը>> : Նրա կարծիքով Հայաստանին ո՛չ արեւմտամետ, ո՛չ էլ ռուսամետ մարդ է պետք.<<Մնացածը ՝ որտեղ ինչ է հնչեցրել, տեխնիկայի հարց է: Մշակույթի մեջ կարելի է որեւէ երկրի, արժեհամակարգի հարել, բայց եթե երկար  տարիներ ապրել է Անգլիայում, դա դեռ չի նշանակում, թե անգլիացի է>>  : Այդուհանդերձ, քաղաքագետը հիշեցնում է մեր՝ բազում թելերով կապվածությունը Ռուսաստանին.<<Հայաստանի  պորտալարը մի փոքրիկ Լարսն է, Լարսն էլ սեղմում են, Հայաստանը սկսում է փռշտալ,  հետեւաբար ով ինչ ուզի անի-չանի, պետք է պարտադիր Մոսկվա գնա: Բայց դա պետք չէ հակադրել ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Արեւելքին: Առավել եւս, որ հայության ահռելի զանգվածը Ռուսաստանում է,  եւ հետո Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական, ֆինանսական որոշակի հարցեր կան, որ պետք է ճշտել>>:

Քաղաքագետը չի կարծում, թե Սարգսյանը կտրված է Հայաստանից, հակառակը ՝  Լոնդոնում ապրելու փաստը ,ըստ նրա, կօգնի Արմեն Սարգսյանին ավելի լավ ընկալել հայաստանյան խնդիրները, իսկ այդ հարցում ժողովուրդն ինքը պետք է հետամուտ լինի, պահանջատեր, որպեսզի ՀՀ 1-4-րդ դեմքերը բացառապես Հայաստանի շահը առաջ մղեն:

Լեւոն Շիրինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախագահի թեկնածուի կարգավիճակում Արմեն Սարգսյանը կարծես թե փորձում է հնարավորինս շատ երկրներ այցելել, քանի որ դա, ըստ նրա,  հարկավոր է վարչակարգին։<<Վարչապետության ժամկետից առաջ վարչակարգը փորձում է իրեն մի փոքր լեգիտիմություն ապահովել, նա աշխարհով մեկ ման է գալիս եւ եվրոպացու կերպարով հայաստանցու կերպար է առաջացնում: Շատ լավ է>>,- ասում է Շիրինյանը՝ ավելացնելով սակայն, որ սրան զուգահեռ հարկավոր է կարգավորել նաեւ ներքին խնդիրները, այլապես  նրա կերպարի շուրջ սպասումները  փուչիկի պես կպայթեն: Մեր դիտարկմանը, թե նույն սպասելիքները կային նաեւ Կարեն Կարապետյանից, սակայն ժամանակը հակառակը ցույց տվեց, քաղաքագետը պատասխանեց, որ Կարապետյանից սպասելիքները նրա անձի նկատմամբ համակրանքով էր պայմանավորված:
Շիրինյանը,այդուհանդերձ, նկատեց, որ ըստ էության , հաջորդ նախագահի լիազորությունները  խիստ սահմանափակ են լինելու, հետեւաբար   նա անգամ չորրորդ նախագահը չի լինելու, այլ ինչպես մեր զրուցակիցը բնորոշեց՝ նոր վարչապետության շրջանի առաջին նախագահը: Վերջին օրերին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը մամուլով կասկածներ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը հնարավոր է մասոնական օթյակներից մեկի ազդեցության տակ գործի, անդրադառնալով այդ կասկածներին քաղաքագետն<Թալեաթն էլ էր մասոնական վատ լուծե՞ց Թուրքիայի հարցը>>, քաղաքագետը ընդգծեց նաեւ, որ նման տեղեկատվության չի տիրապետում :

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: