Հենրիխ Մխիթարյանի մարզիչը լավ է ճանաչում իշխանություններին ու Ռուբեն Հայրապետյանին

Feb 08, 2018 Comments Off on Հենրիխ Մխիթարյանի մարզիչը լավ է ճանաչում իշխանություններին ու Ռուբեն Հայրապետյանին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Հայաստանում լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք ունենալ: Վենգերը համեմատել է «զինագործների» հին և նոր ֆուտբոլիստներ Սանտի Կասորլային և Հենրիխ Մխիթարյանին: «Կասորլան և Մխիթարյանը նման են: Սանտին որպես ֆուտբոլիստ բացառիկ է: Մխիթարյանին հանդիպել եմ, երբ նա դեռ չէր խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, միշտ էլ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվում է ֆուտբոլին: Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք»,- ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը օրերս սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթել ջախջախիչ՝ 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր երեք գոլային փոխանցման հեղինակ, սա նրա առաջին խաղն էր «Արսենալում»։ Մինչ այդ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում էր, որտեղ նա տեղափոխվել էր 2016 թվականին։Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ի դեպ, Մխիթարյանի՝ Մանչեստեր տեղափոխվելը գերմանական Դորտմունդից հայկական ֆուտբոլի և հայ ֆուտբոլիստի տարեգրության գագաթնակետն է, հայ ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը մի քանի տասնյակ միլիոն եվրո վճարեց նրա համար։ Տրանսֆերի պահին Մխիթարյանը դարձավ աշխարհի բոլոր ժամանակների ամենաթանկ 43-րդ ֆուտբոլիստը։ Սկբնական շրջանում Հենրիխն այնքան էլ լավ չէր դրսևորում իրեն, սակայն կարճ ժամանակ անց նա իր տեղը գտավ թիմի հիմնական կազմում և երջանկության բազմաթիվ ամիսներ պարգևեց միլիոնավոր ֆուտբոլասերների։
Հետո եկավ անհաջող շրջան, Մխիթարյանն ակնհայտորեն ընկավ տեմպից, անցած տարեվերջին Մոուրինյոն սկսեց անգամ չհայտավորել նրան։ Սակայն շնորհիվ իր կամքի ու աշխատասիրության Մխիթարյանը առաջին հնարավորության ժամանակ ապացուցեց, որ ինքը նահանջող, հանձնվող տեսակ չէ մինչեւ եկավ տրանսֆերի գործարքի պահը։
Հիշեցնենք` Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհանուր առմամբ 58 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 13 գոլի հեղինակ:
Վերադառնալով Արսեն Վենգերի գնահատականներին, որոնք Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդից վեր արժեւորում են վերջինիս մարդկային բնավորության գծերը։ Իհարկե, ցանկացած մասնագետի համար է բնավորությունը կարեւոր չափանիշ է, ցուցիչ։ Այս համատեքստում Վենգերի գնահատականը առավել գլոբալ է, որը ոչ միայն Մխիթարյանին է բնորոշում, այլեւ գնահատում հայկական ֆուտբոլը իր ներկայով եւ անցյալով՝ «Նա եկել է մի երկրից՝ Հայաստանից, որտեղ յուրահատուկ բնավորություն է անհրաժեշտ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար»։ Հայաստանի ֆուտբոլի ու մեր ազգային հավաքականի՝ ի դեմս ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության, բարքերի մասին ըստ էության ծանոթ են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում։ Թերեւս գիտեն, թե ինչու չի կայանում հայկական ֆուտբոլը։ Ինչպես ողջ երկրում, անազատության մակարդակը տարածվում է նաեւ ֆուտբոլի վրա, իսկ մենաշնորհը` Ռուբեն Հայրապետյանինն է, կրկին քվոտավորված համակարգ` ակումբների սեփականատեր-օլիգարխներ իշխանական շրջանակից, որից դուրս լինելը ենթադրում է խնդիրներ ակումբի համար, իսկ այս ամենի հետեւանքն այսօրվա մեր ազգային հավաքականն է։ Սակայն Մխիթարյանի օրինակը պետք է դառնա վարակիչ, եւ թերեւս սրան է ուղղված Վենգենի ակնարկը։ Եթե նույն միջավայրը կարող է ծնել Մխիթարյան, ապա առնվազն տրամաբանական չէ, որ նա եզակին է։ Հարկավոր է կամային հատկանիշներով, աշխատասիրությամբ եւ ազատվել այդ կապանքներից եւ դառնալ հերթական Մխիթարյանը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: