Միջանցք Հայաստանի համար. ռուս-վրացական «սառույցը» կհալչի՞

Feb 07, 2018 Comments Off on Միջանցք Հայաստանի համար. ռուս-վրացական «սառույցը» կհալչի՞

Պրահայում անց է կացվել ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որի հիմնական օրակարգային հարցն առնչվել է առևտրային միջանցքներին: Մինչ այս հանդիպումը, Ռուսաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ սահմանագծերին մաքսակետեր էր բացել:

Նկատենք, որ այս հարցի շուրջ բանակցությունները շատ էական կարող են լինել նաև Հայաստանի համար, քանի որ խոսքն, ըստ էության, տրանսպորտային միջանցքների բացման հնարավորության մասին է:

Մինչ Պրահայում կայացած բանակցությունները ռուսական կողմը հայտարարել էր, թե մաքսակետերը բացել են՝ հիմք ընդունելով 2011թ. ստորագրված ռուս-վրացական համաձայնագիրը: Ըստ այդ փաստաթղթի, մաքսակետերի մոնիտորինգն իրականացնելու է շվեյցարական SGS ընկերությունը: Ռուս-վրացական բանակցություններին վրացական կողմից մասնակցում է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, իսկ Ռուսաստանի կողմից՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեգի-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դեկտեմբերին հանդես գալով խորհրդարանում, նշել էր, որ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին. «Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմաններ»: Այսինքն, ֆորսմաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից (Ռոկի թունելից) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ:

Ահա, Աբաշիձեն հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը, մասնավորապես, նշելով․ «Մենք քննարկել ենք 2011թ. մաքսային մոնիտորինգի համաձայնագիրն իրականացնելու հարցը: Ես ընդգծել եմ, որ դա հնարավոր է միայն համաձայնագրի դրույթներն ու սկզբունքները հարգելու դեպքում՝ առանց որևէ մեկնաբանության և առանց քաղաքականացնելու»:

Աբաշիձեի խոսքով՝ Պրահայի հանդիպմանը կողմերի միջև դիրքորոշումների լուրջ տարաձայնություններ են արձանագրվել: «Մաքսային մոնիտորինգի պայմանագրի ռուսական կողմի մեկնաբանությունը անընդունելի է»- ասել է վրացի պաշտոնյան:

Աբաշիձեն նշել է նաև, որ համաձայնագրում մաքսային սահմանների մասին խոսք չկա: «Խոսքը տերմինալների մասին է, որոնք պետք է տեղակայվեն առևտրային միջանցքների մուտքում և ելքում»,- ասել է Աբաշիձեն, հավելելով, որ տերմինալները պետք է աշխատեն շվեյցարական ընկերության մոնիտորինգի ներքո: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է՝ համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև, և դրանում հիշատակված չեն Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչը «կարևոր պահ է»:

Մինչ Պրահայի հանդիպումը, հունվարի 29-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ որում դատապարտել էր «Վրաստանի օկուպացված շրջաններում մաքսակետերի բացումը»:

Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ՏԱՍՍ գործակալությանն ասել է, թե Պրահայի հանդիպմանը կողմերը կարևոր են համարել, անկախ մեկնաբանություններից, փաստաթղթով նախատեսված բոլոր դրույթների հստակ իրագործումը սկսելը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք ավարտում ենք մեր ընթացակարգը, զեկույցը կներկայացվի կառավարությանը, ինչից հետո համապատասխան պայմանագիր կստորագրենք շվեյցարական SGS ընկերության հետ»,- ասել է Կարասինը:

Հիշեցնենք, որ 2008թ. ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին: Սակայն 2011թ. կողմերը ստորագրեցին մաքսային մոնիտորինգի մասին համաձայնագիր: Դա կողմերի միջև բանակցությունների արդյունքում իրականացված գործարք էր՝ Վրաստանը տվեց իր համաձայնությունը, որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի դիմաց Ռուսաստանը Վրաստանի հետ ստորագրեց մաքսային մոնիտորինգի համաձայնագիրը:

Ռուսաստանի և Վրաստանի բանագնացներ Կարասինի և Աբաշիձեի հանդիպումները սկսվել են 2012թ. դեկտեմբերից, Վրաստանում ընտրությունների միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց, և իշխանության եկավ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: