Hürriyet: ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Feb 04, 2018 Comments Off on Hürriyet: ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելիտեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում։

Չամլըբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև որոշակի քայլ չանի, Թուրքիան չի դադարեցնի Աֆրինի գործողությունը։ Բայց, մյուս կողմից, ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կորցնել YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր») խմբավորման համագործակցությունը, որոնք Սիրիայում պատերազմ ապահովող գլխավոր ուժերն են։ «Այդ պատճառով առայժմ ԱՄՆ-ը միայն փորձում է կանխել Սիրիայում թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը», -գրում է թերթը։

Պենտագոնում և ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ թուրքական ուժերն Աֆրինում կմնան առնվազն մինչև ամառ, երբ լրանում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարին։ «ԱՄՆ կոնգրեսը այս պահին իր պատմության մեջ ամենահակաթուրքական փուլն է վերապրում։ Այն փոքրաթիվ քաղաքական գործիչները, ովքեր դեռ որոշ չափով թուրքամետ են, իրավիճակն այսպես են նկարագրում․ «Թուրքիայի նկատմամբ ալերգիան այնքան բարձր մակարդակի է հասել, որ եթե հիմա հայկական օրինագիծը օրակարգ բերվի, ոչ ոք չի կարողանա կասեցնել, ձայների մեծամասնությամբ կընդունվի»»,-գրում է Չամլըբելին։

Կոնգրեսում կարծում են, որ Թրամփի կառավարությունը պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի նաև S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնության և Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ազատազրկման պատճառով։ Բայց եթե ռազմարդյունաբերության ոլորտում պատժամիջոցները դեռևս չեն հստակեցվում և անորոշ ժամանակով հետաձգվում են, ապա իրավական ոլորտում դրանք ավելի վաղ կարող են գործի դրվել։

Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ կարող է պատժամիջոցներ սահմանել 2012թ․ ընդունված «Մանգիտսկու օրենքի» շրջանակներում։ 2009թ․ մոսկովյան մի բանտում մահացած փաստաբան Մանգիտսկու անվան հետ կապված այս օրենքը ենթադրում է, որ մարդու իրավունքները ոտնահարած օտարերկրյա կառավարության անդամներն ու պետական պաշտոնյանների ամերիկյան կալվածքները կսառեցվեն և կարգելվի նրանց մուտքն ԱՄՆ։

Կոնգրեսը մասնավորապես պատրաստվում է կազմել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր մեղավոր են Թուրքիայում ամերիկացի քահանա Անդրեյ Բրունսոնի կալանավորման համար։ Ցանկը կուղարկվի ԱՄՆ պետքարտուղարություն, որից հետո կհրապարակվի։

Աղբյուրը` Ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: