Գիտնական-դասախոսների բաց նամակը Արա Բաբլոյանին

Feb 03, 2018 Comments Off on Գիտնական-դասախոսների բաց նամակը Արա Բաբլոյանին

Շուրջ երկու տասնյակ գիտնական-դասախոսներ բաց նամակով դիմել են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փորձելու կանխել 70 տարին լրացած անձանց իրավունքների սահմանափակումը կրթության և գիտության ոլորտում:

Նամակը ներկայացնում ենք ստորև:

Հարգարժան պարո՛ն Ա. Ս. Բաբլոյան, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ»: Այս իմաստով կարևոր են նաև այն նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է:

Սակայն օրենքի նախագծում առկա է հետևյալ ձևակերպումը. «Բուհում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: 70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում»:

Հոդված 28-ի 12-րդ կետը խնդրահարույց է: Օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, իրավաչափ չէ: ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Հետևաբար, անձը կարող է ընտրել այն աշխատանքը, որի հիմքը մրցույթն է:

Նույն մոտեցումն առկա է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 23-րդ հոդվածում: Բացի այդ, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Դաշնագիրը ստորագրած պետությունները ճանաչում են յուրաքանչյուր անձի իրավունքը հավասար հիմունքներով աշխատանքի անցնելու, ծառայողական առաջխաղացման՝ հիմնված աշխատանքային ստաժի և որակավորման վրա»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ տարիքային ցենզ չկա: Իսկ «քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրի 26-րդ հոդվածն արգելում է «ցանկացած տիպի խտրականության դրսևորում, և օրենքը պետք է հավասարաչափ պաշտպանի բոլորին»: Համեմատության համար կարող ենք ասել, որ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին 79 տարեկան է, իսկ Հարվարդի համալսարանի ռեկտոր-նախագահ Դրյու Ջիլպին Ֆաուստը 71 տարեկան է: Մեկ այլ հեղինակավոր համալսարանի՝ Օքսֆորդի ռեկտոր Քրիս Պատենը 74 տարեկան է, իսկ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը 72 տարեկան է:

Ինչպես տեսնում ենք տարիքային հանգամանքները չեն ազդել վերոհիշյալ համալսարանների ոչ՛ կրթական, ոչ՛ առավել ևս կառավարման որակների վրա: Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ բուհերում դասավանդող մոտ 10.000 դասախոսներից, մոտ 2500-ը հատել են 70-ի տարիքային շեմը: Այս կապակցությամբ առաջանում է հարց. «կա՞ն արդյոք բավարար որակավորում ունեցող այդպիսի բազմաքանակ երիտասարդներ, ովքեր կարող ենք փոխարինել ավագ սերնդին և արդյոք նման զանգվածային փոխարինումը չի հանգեցնի կրթական համակարգում լուրջ ցնցումներե»:

Շիրակի մարզի գիտական հիմնարկների և պետական բուհերի մի խումբ դասախոսներ իրենց մտահոգությունն են հայտնում վերոնշյալ օրենքի նախագծի մի շարք դրույթների կապակցությամբ և մասնավորապես բազմավաստակ մեծ ճանաչում ունեցող 70 և ավել տարիք ունեցող պրոֆեսորադասախոսական այն անձնակազմի անդամների համար, որոնք այդ օրենքի վավերացման դեպքում զրկվում են իրենց սահմանադրորեն ընտրվելու իրավունքի հնարավորությունից՝ այն որակելով որպես մարդու իրավունքների խախտում և տարիքային խտրականության դրսևորում: Եկեք թույլ տանք, որ գիտնականի, դասախոսի հարցերը լուծվեն գիտական խորհրդում, ոչ թե Ազգային ժողովում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: