Դաշնակցությունը կրակի հետ է խաղում

Feb 05, 2018 Comments Off on Դաշնակցությունը կրակի հետ է խաղում

Նոր կառավարության եւ կոալիցիայի ձեւավորմանն ընդառաջ ՀՅԴ-ում անհանգստություն է նկատվում եւ արտասովոր պահվածք: 2018թ. փետրվարի 1-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն է եղել՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը: ՀՅԴ հայտարարությունը արձանագրում է Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցման ընձեռած հնարավորությունները, մատնանշելով անելիք քայլերը: Հին ընկերների նման ակտիվությունը անշուշտ պետք է պայմանավորել առաջիկա քաղաքական զարգացումներով, մասնավորապես նրանց առավելապես մտահոգում է ոչ թե երկրի, այլ իրենց ապագան:

Այլապես այն հարցերը, որոնք նրանք իրար ետևից քննարկման են դնում, մեծ հաշվով հնի կրկնությունն են ու որևէ ազդեցություն ունենալ չեն կարող ընդհանուր : Փոխարենը դրանց գնահատականները եւ Սերժ Սարգսյանին ուղղված լղոզված մեսիջները նրանց կարծիքով հավանաբար կարող են իրենց առաջ հերթական անգամ կանաչ լույս վառել: ՀՅԴ հայտարարությունից նախ արձանագրենք, որ պառլամենտական պետության ջատագով ՀՅԴ-ի ջանքերով Հայաստանում այլեւս իրողություն է դառնում այդ համակարգը, որն ըստ նրանց ՝ երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: «Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված», «արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել», «ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր», որ այս բոլորի համար պարտական ենք Դաշնակցությանը, քանի որ «Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դանակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»:

Սակայն ՀՅԴ հայտարարությունը սոսկ ինքնագովեստի փաստաթուղթ չէ, այն բավականին ուշագրավ մեսիջներ է պարունակում: Նախ առաջինը, որ չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը գրեթե տանել չի կարողանում ՀՅԴ-ական առնվազն երկու նախարարներին եւ իր վարչապետության սկզբից դա հայտնի դարձավ մամուլին, այդուհանդերձ կոալիցիոն կուսակցությունը շարունակում է քծնել ու գովերգել Կարապետյանի գործունեությունը. <<Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան>>,- արձանագրում են դաշնակցականները:

Դրա հակադրում Սերժ Սարգսյանին ուղղված պատասխանատվությունը. <<Անշուշտ, աննախադեպ ծավալ և խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից և հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ>>:

Եթե բացենք դաշնակցականների խուճուճ միտքը, նշանակում է՝ որպեսզի երկրում <<լիարժեքորեն>> իրականացվի այդ բարեփոխումները, անհրաժեժտ է, որ Սերժ Սարգսյանը հեռանա եւ մենք ազատվենք <<նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից>> , հաստատվի նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ:

Սակայն ամեն ինչ լղոզվել է սովորության համաձայն, որպեսզի հարկ եղած պարագայում մանեւրի դաշտ ստեղծվի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: