Հայերը իրար դեմ.հանուն ու՞մ

Feb 06, 2018 Comments Off on Հայերը իրար դեմ.հանուն ու՞մ

«2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարստանում է Ռուսաստանի հայերի ունեցվածքը յուրացնելով։ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես ժամանակին որոշել է Արբահամյանի հետ համատեղ Մոսկվայում կառուցել բնակելի և առևտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք, բայց հետո Աբրահամյանն ու նրա կինը անօրինական ճանապարհով բաժնետոմսերի կեսը խլել են իրենցից: Ըստ հայտարարության, մասնավորապես շենքի շինարարությունը սկսվել է 1995 թվականին և ընթացքում պարզ է դարձել, որ գումարը բավարար չէ՝ անհրաժեշտ է ներդրող, և ըստ հաղորդագրության՝ նման պատրաստակամություն է հայտնել Արա Աբրահամյանը։ Վերջինս առաջարկել է շենքի մի մասը վաճառել ՌԴ նախագահի աշխատակազմին՝ դրա դիմաց Աբրահամյանը պայման է դրել, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Այսպիսով՝ 1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր է դարձել «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասի 50%-ը։

Արա Աբրահամյանը, սակայն, բաժնետերերի սեփականատեր է նշանակել իր կնոջը՝ Նատալյա Աբրահամյանին, որը Միացյալ Նահանգների քաղաքացի է։ Ավելի ուշ՝ 2016 թվականին, ըստ հայտարարության՝ Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի և շենքի ընտրված կառավարման ձևի նկատմամբ։ «2016 թվականի աշնանը, կառավարող ընկերության կառավարիչ Գորինովին է զանգահարում Կարաֆելով ազգանունով ոմն փաստաբան և նսեմացնող տոնով սկսում է մեղադրել բաժնետերերի շահերի դեմ ուղղված ինչ-որ գործողությունների մեջ՝ առաջարկելով ինքնակամ լքել պաշտոնը։ Կարաֆելովը հայտարարել էր նաև, որ միևնույն է, նա կհասնի իր ուզածին ցանկացած գնով։ ԱՄՆ քաղաքացուհի Նատալյա Աբրահամյանի կողմից լիազորագիր ստանալով, Կարաֆելովը բաժնետերերի հերթական ժողովին հայտարարեց երկրորդ բաժնետերի՝ շենքն ինքնուրույն տնօրինելու մտադրության մասին։ 2016թ. փետրվարին դիմեց ՌԴ Մոսկվայի կենտրոնի ոստիկանություն՝ մեղադրելով բաժնետեր Գրիգորյանին և կառավարիչ Գորինովին «2Ն Քոմփընի» ընկերության և դրա երկրորդ բաժնետերի շահերին վնասող գործողությունների մեջ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

ՌԴ դատախազությունը հրահանգել է ոստիկանությանը հարուցել քրեական գործ։Հիմա տուժած կողմը չի պատրաստվում նահանջել, իսկ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ իրենք դիմելու են օրինական միջոցներին :

Նշենք, որ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանը ըստ մամուլի հրապարակկումների՝ֆինանսավորում է Հայաստանում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Այս տեղեկությունը չէր հերքել նաև ինքը՝ հայտարարելով, որ ունի նման պատրաստակամություն։ Զարմանալի է, որ Արա Աբրահամյանի կարողության մասին լեգենդներ են թեպետ պատմում, սակայն նա առանձնապես հանրահայտ բիզնեսներ չունի:Արա Աբրահամյանն ունի երկու ընկերություն՝ իրավաբանական ընկերություն «Свобода»-ն և ինվեստցիոն ընկերություն «Согласие»-ն: Նրա իրավաբական ընկերությունը իր գործունեությունն է ծավալում միջազգային ասպարեզում, իսկ ահա «Согласие»-ն աշխատում է արդյունաբերության մեջ, ինչպես նաև այլ ուղղություններով՝ շինարարություն, նավթային արդյունաբերություն, քիմիա: Այս համատեքստում, իսկապես, հարցեր են առաջանում՝ որտեղից ալամ աշխարհի հայերի միության ղեկավարին այդ հարստությունը: Այս առումով նրա եւ Արմեն Սարգսյանի միջեւ բավականին մեծ նմանություն կա, երկուսն էլ փաստորեն, ոչ այնքան հաջողված բիզնեսմեններ են, որքան ընդունված է ասել՝ կապողներ ու միջնորդներ, ինչի արդյունքում մեծ գումարներ են աշխատում:

Գործարար Գրիգորյանի հայտարարությունը Աբրահամյանի քցող լինելու մասին մեզ հիշեցրեց ապրիլյան պատերազմի օրերը, երբ մեծ աղմուկ բարձրացավ Աբրահամյանի անվան շուրջ: Նախ պարզ դարձավ, որ Ղարաբաղում Ռուսաստանի հայերի միության նախագահից ոչ մի կոպեկ չեն ստացել, չնայած հրապարակային 5 մլն ռուբլու և 100 հազար դոլարի նրա խոստմանը։ Ապա հայտնի դարձավ, որ հատուկ հաշիվ բացելով իր մոտ՝ ՌՀՄ-ում, Աբրահամյանը Ղարաբաղի օգնության համար դրամահավաք էր կազմակերպել, մինչդեռ այդ օրերին դրա կարիքը պարզապես չկար. եթե մարդն ուզում էր օգնել, ապա փոխանցում էր անմիջապես Ղարաբաղ գործող հաշվեհամարների վրա, առանց միջնորդների՝ հանձինս ՌՀՄ-ի և նրա նախագահի։

Ինչեւէ, աղմկոտ բացահայտումն այս հաստատ ինչ որ նպատակներ է հետապնդում, կամ սա «Կրեմլյան ցանկ»-2 է, որը բացահայտվում է Պուտինի վարչակարգի դեմ արդեն ներսից՝ թիրախում ունենալով ապագա ընտրությունները, կամ էլ հակառակ կողմի պատասխանն է ԱՄՆ-ին: Ի վերջո, Աբրահամյանի կինը ԱՄՆ քաղաքացի է ու չի բացառվում, որ սրանով պատասխան է տրվում մեղադրանքներին՝ ցույց տալով, որ Ռուսաստանում սեւ փողեր նաեւ ԱՄՆ քաղաքացիներն են սարքում:

Նշենք, որ վերջերս ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «Կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: