Սամվել Կարապետյանի, Վարդանյան եղբայրների, Սամվել Ալեքսանյանի և Բարսեղ Բեգլարյանի գործերը լավ են

Feb 06, 2018 Comments Off on Սամվել Կարապետյանի, Վարդանյան եղբայրների, Սամվել Ալեքսանյանի և Բարսեղ Բեգլարյանի գործերը լավ են

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը. Նրանք անյալ տարի պետական բյուջե են վճարել 807.4 միլիարդ դրամ հարկ, որը 12.7 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից:

Ըստ այդմ՝ ՀՀ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի հարկային մուտքերը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 39.72 միլիարդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ, պակաս է 6.28 տոկոսով: Սա նշանակում է, որ գազի սպառման ծավալները Հայաստանում նվազել են, ինչը մի կողմից կարող է պայմանավորված լինել համեմատաբար մեղմ ձմռան եղանակային պայմաններով, երբ ջեռուցման նպատակով ծախսվող գազի սպառումը նվազել է, և երկրորդ՝ տնտեսության մեջ գազը՝ որպես էներգակիր, սկսել են ավելի քիչ օգտագործել:

Փոխարենը ընդգծված թռիչք են ապրել Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ի հարկային մուծումները. ընկերությունը խոշորների ցուցակի երկրորդ տեղում  է՝ վճարած 34.75 միլիարդ դրամ հարկերով, ինչը շուրջ 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 22.04 միլիարդ դրամ հարկային վճարումով, ինչը 27.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ էության, Սամվել Կարապետյանի գործերը նախորդ տարի շատ լավ են եղել Հայաստանում:

Չորրորդ տեղում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է, որը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը: Նախորդ տարի  ընկերությունը պետբյուջե վճարել էր 14 մլրդ 864 մլն ՀՀ դրամ հարկ. այսինքն՝ 2017-ին «Ալեքս Հոլդինգ»-ի հարկային վճարումները աճել են մոտ 7 մլրդ դրամով, հետևաբար Սամվել Ալեքսանյանը գործերից դժգոհելու տեղ չունի՝ նրա մոտ ամեն ինչ լավ է: Հավելյալ հարկային աճը, «Ալեքս Հոլդինգ»-ին անգամ դիրքի բարելավում է բերել՝ նա խոշորների ցուցակի հինգերորդ հորիզոնականից բարձրացել է չորրորդ տեղը:

Հինգերորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը 2017-ին վճարել է 18.67 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104 տոկոսով, ինչի արդյունքում վճարած հարկերի ցուցանիշով կոմբինատը վերելք  է ապրել 16-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական: Խոշոր հարկատուների տասնյակում 6-րդ տեղը գրավել է  «Գեոպրոմայնինգգոլդ»-ը` 13.46 միլիարդ դրամ հարկային մուտքերով, որը նախորդ տարվա համեմատ ավել է 43.5 տոկոսով:

7-րդ հորիզոնականում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ն է՝ 12.60 միլիարդ դրամ հարկային վճարումով. այս ընկերության մոտ մուտքերի նվազում է կատարվել՝ 8.65 տոկոսով: 8-րդ տեղում «Ֆլեշ»-ն է՝ 12.46 միլիարդ դրամ վճարումով՝ նախորդ տարվա 10 մլրդ 907 մլն դրամի փոխարեն: Բարսեղ Բեգլարյանի գործերը նույնպես աջ են գնացել՝ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 14.2 տոկոս:  Հավելյալ հարկերը նաև դիրքի բարելավում են բերել գործարարին. նա 10-րդ հորիզոնականից բարձրացել է 7-րդ տեղը:

Հաջորդաբար 9-րդ տեղում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը՝  11.99 միլիարդ դրամ հարկային մուծումով՝ նախորդ տարվա 9 մլրդ 318 մլն դրամ մուծման դիմաց: Այս ընկերության հարկերը աճել են 28.7 տոկոսով: Լավագույն տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ 11.64 միլիարդ դրամ հարկային ծավալով՝ նախորդ տարվա 9 մլրդ 276 մլն դրամ վճարումների դիմաց աճը կազմել է 25.5 տոկոս:

10 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե է վճարվել 198.8 միլիարդ դրամ հարկ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 25 տոկոսով:

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ՝ խոշորների 10-նյակը կրել է նաև բովանդակային փոփոխություն. լավագույն տասնյակից դուրս են մղվել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը, կապի օպերատորները՝ Ղ տելեկոմ և Արմենիա տելեֆոն կոմպանի  ընկերությունները, ինչպե նաև Թեղուտի հանքավայրը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: