Սահակաշվիլու կերպարը խորապես անտանելի է մեր իշխանական վերնախավի համար

Feb 02, 2018 Comments Off on Սահակաշվիլու կերպարը խորապես անտանելի է մեր իշխանական վերնախավի համար

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Դժվար է հստակ ասել, թե ինչու միանգամից երկու կազմակերպություններ որոշեցին հրաժարվել այս գրքի շնորհանդեսը իրենց մոտ անցկացնելուց։ Այնպիսի մանրամասն ու սպառիչ պարզաբանումներ, որոնք կցրեին կասկածները, թե սա «վերեւից» իջեցված հրահանգ է, չեն ներկայացվել։ Ավելին։ «Նոյյան տապանի» ֆեյսբուբյան էջում հունվարի 30-ին եղել է հայտարարություն, որ փետրվարի 7-ին ժամը 19-ին շնորհանդեսը տեղի կունենա։ Սակայն այդ հայտարարությունը հեռացվել է եւ այն պահպանվել է միայն «Google» որոնողական կայքի այսպես կոչված «քեշերում»։ Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը։ Ինքը՝ Միխեիլ Սահակաշվիլին, տեղեկանալով, որ Չարենցի տուն- թանգարանը հրաժարվել է շնորհանդեսից, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Ցավոք, այստեղ ևս Մոսկվայի միջամտությունից խուսափել հնարավոր չի եղել։ Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,- գրել է նա։ «Նոյյան տապանի» հրաժարվելուն նա դեռ չի արձագանքել։ Արդյոք Ռուսաստանի միջամտությո՞ւնն է պատճառը։ Հաշվի առնելով հայ հանրության տարբեր շերտերի ու խավերի վրա ռուսական ազդեցության չափազանց բարձր մակարդակը, կարելի է այս պնդումը ընդունել։ Բայց սա այն դեպքերից է, երբ ռուսական միջամտությանը թերեւս հերթ չի հասել։ Սահակաշվիլու կերպարը խորապես անտանելի է մեր իշխանական վերնախավի համար։ Ընդամենը 12-13 տարի առաջ դառնալով Վրաստանի ղեկավար, Սահակաշվիլին կարողացավ արմատապես փոխել Վրաստանը։ Հաշված տարիների կամ նույնիսկ ամիսների ընթացքում այդ կաշառակերության, ամենաթողության, անպատժելիության ճիրաններից երկիրը դուրս ցատկեց։ Մինչև հիմքը փոխվեց ողջ իրավապահ համակարգը։ Բանը հասավ նրան, որ ձերբակալվում էին «գաիշնիկներին» մաղարիչ առաջարկող վարորդները։ Ու այդ ամենը իրականանում էր հենց մեր աչքի առաջ։ Տասնյակ եւ հարյուր հազարավոր հայաստանցիներ, որոնք պարբերաբար այցելում էին Վրաստան, իրենց աչքով էին տեսնում ու համոզվում, որ կարելի է շատ կարճ ժամանակում վերափոխել մի ամբողջ երկիր, վերացնել տասնյակ տարիների ընթացքում արմատացած ախտերը, փոխել հանրության հավաքական գիտակցությունը…։ Ու դա վարակիչ էր։ Եթե ուսումնասիրենք մեր ոչ հեռու անցյալը, ապա կհամոզվենք, որ Վրաստանի «ոտքի կանգնելու» այդ տարիներին, այսինքն՝ 2005-2008 թվականներին Հայաստանում բողոքի ակցիաները, հանրահավաքները, ընդդիմադիր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի գործընթացները շատ ավելի տպավորիչ էին։ Ու դրանում, անկասկած, իր որոշակի դերը ուներ Վրաստանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: