Ալիևին հասկացրել են. շփման գիծը «պայթեցնելը» չի ներվի

Feb 05, 2018 Comments Off on Ալիևին հասկացրել են. շփման գիծը «պայթեցնելը» չի ներվի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող շահագրգիռ կողմերն ամեն կերպ փորձում են ապահովել բանակցությունների շարունականությունը եւ որոշ պայմանավորվածություններ կյանքի կոչել:

«Մոսկվան հույս ունի, որ շուտափույթ կիրականացվի Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման հարցը», երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: Լավրովը հիշեցրել է, որ նախկինում համաձայնություն էր ձեռք բերվել ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: «Կարծում եմ՝ այժմ կողմերը մոտ են համաձայնության այդ պայմանավորվածության կոնկրետ պարամետրերի հարցում, և մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ իրականացնել այդ գործունեությունը», հավելել է Լավրովը:

ԵԱՀԿ-ն մտադիր է աջակցել հակամարտությունների՝ գոյություն ունեցող բոլոր բանակցային ձևաչափերին և նպաստել ցանկացած պայմանների ստեղծմանը՝ չլուծված հակամարտությունների կարգավորման համար, օրեր առաջ նման հայտարարությամբ հանես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: «Մենք մտադիր ենք աջակցել գոյություն ունեցող բոլոր բանակցային ձևաչափերին, նպաստել ցանկացած պայմանների ստեղծմանը՝ չլուծված հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է ամեն կերպ նպաստի այդ գործընթացում այնպիսի առանցքային դերակատարի, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, ներգրավվածությանը»:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն ասել էր, որ Իտալիան 2018-ին ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում պատրաստվում է առավելագույն ուշադրություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի և կազմակերպության գործողության տարածաշրջանում այլ հակամարտությունների կարգավորմանը. «Մեր նախագահության ընթացքում մենք առավելագույն ուշադրություն կհատկացնենք Ուկրաինայում ճգնաժամին և ԵԱՀԿ գոտում, այսպես կոչված, ձգձգված հակամարտություններին (Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան): Առաջնահերթ խնդիր կդառնա աջակցությունն ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին էլ հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ»,- հայտնել է նա: Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի դերակատարություններին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Դատելով վերջին ամիսների ակտիվությունից՝ միջնորդ երկրները պահելու են բանակցությունների կազմակերպման գիծը, ավելին՝ կոնկրետ պայմանավորվածությունների են փորձելու հասնել:

Դա, ինչ-որ չափով կփրկի միջնորդական առաքելության դեմքը, իհարկե, նաև կնպաստի նրան, որպեսզի շփման գծում հարաբերական անդորր պահպանվի: Ապրիլյան պատերազմից հետո դա ձեռքբերում կհամարվի:

Չհաշված վերջերս դիվերսիոն ներթափանցման փորձն Ադրբեջանի կողմից, կարելի է ասել, որ Ադրբեջանն էլ որոշակի զսպվածություն է դրսևորում: Ըստ ամենայնի, Ալիևին հասկացրել են, թե ինչ կնշանակի շփման գիծը կրկին լարված պահելու քաղաքականությունը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: