Չվստահեցին Մեհրիբանին. սկանդալ կհասունանա՞ Ադրբեջանում

Feb 06, 2018 Comments Off on Չվստահեցին Մեհրիբանին. սկանդալ կհասունանա՞ Ադրբեջանում

Ադրբեջանի իշխող կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում երեկ առաջադրեց գործող նախագահ, 2003-ից երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Նախագահական ընտրությունները Ադրբեջանում կկայանան հոկտեմբերին, ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների՝ երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով:

Ադրբեջանում նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ, փաստորեն, մեկնարկեց նախընտրական գործընթացը։ Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 17-ին։

Թեև քաղաքագիտական շրջանակներում ադրբեջանական իշխող ռեժիմի փոփոխության որևէ նախանշան չեն տեսնում, այդուհանդերձ այդ երկրի ընդդիմությունը, մասնավորապես՝ «Մուսավաթ» կուսակցությունը, ողջ ներուժով պատրաստվում է նախագահական ընտրություններին՝ ձևավորելով անգամ նախընտրական շտաբ։

«Մուսավաթ»-ը 2018-ի նախագահական ընտրությունների իր թեկնածուին առաջադրել է դեռևս 2014-ին։ Ադրբեջանի նախագահի թեկնածու Իսա Ղամբարը, կուսակցության համագումարին ելույթ ունենալով, ընդգծել է վճռականությունը երկրում փոփոխությունների հասնելու հարցում։ Նախագահի աթոռի համար պայքարելու մտադրության մասին է հայտնել նաև դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն՝ կոչ անելով ընդդիմությանը համախմբվել հանուն ժողովրդավարական ընտրությունների անցկացման։

Այս ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք թույլ է տալիս 2003-ին իշխանությունը հորից՝ Հեյդար Ալիևից ժառանգած Իլհամ Ալիևին հերթական՝ չորրորդ անգամ առաջադրվել, սակայն հաղթելու դեպքում պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։

Բացի այդ, Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել են նաև առաջադրումների քանակային սահմանափակումները, ուստի, եթե ինչ-որ արտառոց բան չպատահի, 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։

Նոր Սահմանադրությամբ չեղարկվել է նաև նախագահի թեկնածուի առաջադրման տարիքային նվազագույն շեմը։ Ընդդիմախոսների համոզմամբ, այդ փոփոխությունը Իլհամ Ալիևին թույլ է տալիս իր գերդաստանից որևէ մեկին նախապատրաստել նախագահության, ընդ որում, ըստ վերլուծաբանների, այդ դերը գործող նախագահը տեսանելի ապագայում կարող է վստահել իր երիտասարդ որդուն՝ 21-ամյա Հեյդար կրտսերին, որին անվանել են ի պատիվ պապի՝ Խորհրդային Ադրբեջանի և անկախ Ադրբեջանի բազմամյա ղեկավար և Ադրբեջանում «ազգի հայր» համարվող Հեյդար Ալիևի:

Փաստորեն, Ադրբեջանի իշխող էլիտան նորից «ընտրեց» Իլհամ Ալիևին, ոչ թե՝ նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային: Շատերն են խոսում այն մասին, որ Ալիևի կնոջ գերդաստանի՝ Փաշաևների ու Ալիևների միջև անհաշտ պայքար է գնում և մի օր կարող է պայթել:

Ըստ ամենայնի, այդ պայքարը կմղվի դեռ երկար ժամանակ ու հնարավոր է, դա Ալիևին իշխանության կորուստ էլ արժենա: Հարցը հետևյալն է՝ ե՞րբ…

Այնուամենայնիվ, իշխող կուսակցության քայլը, թերևս, վկայում է այն մասին, որ Ալիևը որոշակիորեն շտապում է, իսկ դա նշանակում է, որ նա ունի մտավախություններ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանության բուրգի ներսում ամեն ինչ այնքան էլ հարթ չի:

Ադրբեջանը երեկվանից, այսպիսով, մտավ խանական-սուլթանական երկրի հերթական փուլ: Ինչ-որ առումով, սա Հայաստանի համար ձեռնտու իրավիճակ է: Պետք է կարողանալ օգտվել դրանից՝ աշխարհին ներկայացնել Հայաստանի՝ հակառակորդ երկրի նկատմամբ առավելությունները:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: