Վարչապետը թույլ չի տալիս խոսել

Feb 03, 2018 Comments Off on Վարչապետը թույլ չի տալիս խոսել

Կառավարությունը համաձայնություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքի նախագիծը, որով սահմանվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Ըստ նախագծի, միայն վարչապետի որոշմամբ, նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ կառավարության նիստերը դռնփակ են գործնականում բոլոր երկրներում, իրենք ուսումնասիրել են այլ երկրների փորձը, աշխարհում չկան երկրներ, որոնց կառավարության նիստերն ամբողջովին հեռարձարկվում են: Հայաստանը բացառություն է, որտեղ կառավարության նիստերը բաց են, և դրանց մասնակցում են մեծ թվով կառավարության անդամ չհանդիսացող անձինք: Խոսքը ոչ միայն լրագրողների, այլ նաև կառավարության անդամ չհանդիսացող պաշտոնյաների մասին է, ովքեր այսօր մասնակցում են կառավարության նիստերին: «Դուք չեք դիտելու մեր բանավեճը կառավարության նիստերի ժամանակ, որովհետև մենք ձեր դիտելու պատճառով, ներողություն անկեղծության համար, երբևէ բանավեճ չենք տեսնում»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են կառավարության նիստերը դռնփակ լինելու: Դավիթ Հարությունյանը նաև հավատացրել է, որ կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու պարտավորությունը դրվում է վարչապետի վրա:

Դավիթ Հարությունյանի հիմնավորումը, թե աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ կառավարության նիստերը դռնբաց են, առնվազն տարակուսելի է: Կառավրության նիստերը դռնբաց են դարձել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, որի պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումներից մեկը, ի դեպ, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացումն էր: Ժամանակին, երբ Տիգրան Սարգսյանը նիստերը բաց դարձնելու նախաձեռնությունն էր առաջ քաշում, դարձյալ հղում էր արվում միջազգային փորձին, ընդ որում առաջավոր: Եթե այն ժամանակ այդ հիմնավորումը ընդունվել է, կնշանակի, այնուամենայնիվ աշխարհում կան երկրներ, որտեղ կառավարության նիստերը բաց են անցկացվում:

Արդարադատության նախարարի պարզաբանումից ենթադրվում է, լրագրողների կամ այլ անձանց ներկայությունը կաշկանդում է գործադիր իշխանության ղեկավարին և անդամներին: Հատկանշական է նաև նախագծի այն դրույթը, որով առանց վարչապետի թույլտվության նախարարներին արգելվում է մեկնաբանություններ տալ կառավարության նիստում քննարկված հարցերի մասին:

Ամբոջ խնդիրն այն է, որ մինչ կառավարության նիստը, նիստի օրակարգում ներառված բոլոր նախագծերը հրապարակվում են կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև դրանք զետեղվում են նախագիծը ներկայացնող նախարարության կայքում: Նիստից որոշ ժամանակ անց նույն կայքում հրապարակվում են նաև ընդունված բոլոր որոշումները: Օրակարգում ներառված այն նախագիծը, որն հետագայում չի դրվում e-gov.am կայքի «կառավարության որոշումներ» բաժնում, ենթադրաբար կառավարության կողմից չի ընդունվել: Այսինքն՝ այսպե թե այնպես և՛ հասարակությունը, և՛ ԶԼՄ-ները, առանց նախարարների մեկնաբանության էլ հնարավորություն ունեն տեղեկանալու, թե ինչ հարցեր են քննարկվել և ինչ որոշումներ ընդունվել կառավարությունում: Արդյոք  խորհրդարանական համակարգով առաջնորդված նոր կառավարության ջատագով Սերժ Սարգսյանը հաջորդ քայլով արգելելու է նաև նախագծերի հրապարակումը: Ժամանակին այս համակարգի ներդրման նպատակով կառավարման բարեփոխումների հսկայական գործընթաց է իրականացվել, ուստի դժվար է հավատալ, որ նման քայլի որևէ մեկը կգնա, առավել ևս, որ տեղեկատվական հասարակության պայմաններում հասարակությունից ինչ-որ բան թաքցնելու գործնականում անիմաստ զբաղմունք է:

Իսկ եթե ամեն դեպքում e-gov.am կառավարական կայքը նախկինի պես շարունակելու է հրապարակել բոլոր նախագծերն ու որոշումները, կնշանակի նոր նախագծի շնորհիվ նախարարները լրագրողներից գլուխներն ազատելու օրինական ձև են գտել: Կառավարության նիստերից հետո լրագրողները, որպես կանոն, շրջապատում են նախարարներին և տարբեր հարցեր ուղղում: Շատ հաճախ բուն բովանդակային հարցեր ստվերվում են, և առաջին պլան են գալիս վարչապետի այդ օրվա տոնայնությունը, այս կամ այն նախարարին ասած այս կամ այն բառը, նախադասությունը: Հիմա նախարարները հանգիստ կարող են հայտարարել, որ վարչապետն իրենց թույլ չի տալիս խոսել:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: