Ամենակարևոր պահանջը «ջրվե՞լ» է

Feb 04, 2018 Comments Off on Ամենակարևոր պահանջը «ջրվե՞լ» է

Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում ՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը, նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ մեծամասամբ հենց այս դիտորդական առաքելության ընդլայնման հարցին է նվիրված եղել 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հարցը քննարկվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հանդիպման ժամանակ: «ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել էին մի քանի տեսակ փաստաթղթեր, որոնք կարգավորում էին հավելյալ դիտորների գործունեությունը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ համանախագահների կողմից կազմակերպված երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել էին թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթի առնչությամբ: Մնացել են մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն մինչ գործի կդրվի ընդլայնման մեխանիզմը»,- ասաց Զախարովան:

Նա նաև ընդգծել է, որ միայն քաղաքական կամքի դրսևորման միջոցով կողմերը կարող են հանգել փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կտան իսկապես ձգձգված հակամարտությանը: Զախարովան հիշեցրել է, որ 2017թ. հոկտեմբերին Ժնևում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին նախագահները համաձայնել են ակտիվացնել բանակցային գործընթացը: Դրանից հետո երկու անգամ հանդիպել են ԱԳ նախարարները, արվել են համապատասխան հայտարարություններ. «Փետրվարի առաջին տասնօրյակում համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան՝ հստակեցնելու կողմերի դիրքորոշումը կարգավորման խնդրահարույց հարցերի շուրջ»:

Այսպես, Զախարովան արձանագրել է, որ Կրակովում արտգործնախարարներին է փոխանցվել ԵԱՀԿ ՄԽ թարմացված առաջարկները, համանախագահների ակտիվորեն աշխատում են շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում դիտորդական առաքելության ընդլայնման ուղղությամբ:

Իսկ ավելի կոնկրետ՝ դիտորդների գործունեությունը սահմանող փաստաթղթի մի քանի տարբերակ է ներկայացվել և Նալբանդյանին ու Մամեդյարովին են փոխանցվել այդ թարմացված առաջարկները ու նախարարներն էլ սկզբունքային համաձայնություն են տվել:

Ավելին՝ Մոսկվան ասում է, որ մնացել են մի քանի տեխնիկական մանրամասներ, դրանք դեռ երկրները պետք է համաձայնեցնեն՝ նախքան ընդլայնման մեխանիզմը ներդրումը:

Ըստ ամենայնի այս համաձայնությունը կկայանա, անկախ նրանից, թե երբ կկիրառվի:

Բայց մնում է օդում կախված հարցը, թե արդյոք կողմերը քննարկո՞ւմ են առավել կարևոր մեկ այլ պահանջի կատարումը, այն է ՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը: Թե՞ այս հարցը Բաքվի ջանքերով, ինչպես ասում են՝ «ջրվել» է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ալիևը հասցրեց արդեն «գլուխ գովալ», թե հայկական կողմի պահանջները չեն կատարվելու: Նա այդ պահանջի կատարումը նկատի ունե՞ր…

Ինչու՞ են հետաքննության մեխանիզմների ներդրման մասին միջնորդները շարունակում լռել…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: