Ողբերգական ավտովթար Երևանում/տեսաշար/

Feb 01, 2018 Comments Off on Ողբերգական ավտովթար Երևանում/տեսաշար/

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը։ Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր- ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: