Արմեն Սարգսյանն առայժմ մանևրում է

Feb 02, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանն առայժմ մանևրում է

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները տարբեր հանրային շերտերի հետ. նա այցելել է «Թումո» կենտրոն, Երևանի պետական համալսարան, Սահմանադրական դատարան: «Այն, որ «Թումոն» բացվելու է Փարիզում, ֆանտաստիկ օրինակ է, թե մեր երկիրն ուր է գնալու»,- «Թումոյում» հայտարարել  է նա՝ ընդգծելով, որ պատահական չի այցելել «Թումո» կենտրոն։

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի հետ կապված իր վերջնական որոշմանը. «Ես աշխատում եմ, տարբեր հանդիպումներ եմ ունենում, և այս աշխատանքով ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ՝ օրենքով սահմանված ժամանակահատվածում։ Թե կոնկրետ երբ՝ էական չէ, այդ հանդիպմանը ես պետք է պատրաստ լինեմ»։ ԵՊՀ-ում նրա հանդիպումը առանց ԶԼՄ-ների է եղել, Սահմանադրական դատարանում՝ նույնպես:

Հանդիպումներից հետո, սակայն, Արմեն Սարգսյանը կրկնել է, որ լրագրողների նկատմամբ խորը հարգանք ունի է, և որոշում ընդունելուց հետո անպայման կպատասխանի լրագրողների հարցերին. «Ձեր դերը մեծ է, բայց այդ դերում պետք է լինեք պրոֆեսիոնալ, անաչառ, պայքարեք վատի դեմ, բայց քաջալերեք լավը։ Եթե որոշում ընդունեմ, հանրապետության նախագահի հետ երկրորդ հանդիպումից հետո ձեր հետ կհանդիպեմ և կպատասխանեմ բոլոր հարցերին։ Հիմա ձեր տված հարցերին պատասխան չունեմ, որովհետև աշխատանքային պրոցեսում եմ»։

Նա ընդգծել է, որ այս տարիներին Հայաստանից չի գնացել և ամեն օր շփվել է, եկել է Հայաստան. «Դուք երևի փողոցում ինձ տեսել, չեք ճանաչել, բայց երկու տասնամյակ, չհաշված այն երկու տարին, երբ հիվանդ էի, ես հաճախ էի լինում Հայաստանում, գնացել եմ գյուղերը։ Փողոցում էլ ինձ տեսնեիք, չէիք իմանա, որովհետև երբ վարչապետ էի, դուք երևի ծնված էլ չէիք։ Ես Հայաստանից չեմ գնացել և Հայաստանը շատ լավ գիտեմ։ Բայց կա սերունդ, որն ինձ չի ճանաչում։ Եթե որոշումս լինի դրական, և ես առաջադրվեմ, ձեզ հետ կհանդիպեմ, կխոսենք, եթե որոշումս բացասական լինի, նորից կհանդիպեմ՝ կխոսենք»։

Սարգսյանն ասել է, որ առաջիկայում հանդիպելու է նաև Արցախի իշխանությունների հետ, իսկ մինչ այս եղած հանդիպումներից դրական արձագանքներ է ստացել։ Վերջում Արմեն Սարգսյանը հավատացրել է, որ նախագահ դառնալու դեպքում այնպես կանի, որ լրագրությունը Հայաստանում մի կարգով ավելի լավ որակ ունենա։ Այսպիսի ընդգծված սիրաշահումը լրատվամիջոցներին թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ նախօրեին նա ստիպված էր անընդհատ պաշտպանվել իրեն ուղղված հարցերից, իսկ վերջում էլ ԳԱԱ շենքը լքեց հետնամուտքից՝ լրագրողներին չհանդիպելու նկատառումով:

Լրագրողներն իսկապես շատ կարևոր օղակ են Արմեն Սարգսյանի համար. ըստ էության նա՝ որպես նախագահի թեկնածու, այժմ քարոզարշավ է իրականացնում: Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ քաղաքացիները նրան ուղղակի չեն քվեարկելու, ընտրությունը կատարելու է ԱԺ-ն, հանրային վստահություն վաստակելու առաջին շանսերը ճիշտ օգտագործելը Արմեն Սարգսյանի համար շատ կարևոր է: Ինքը՝ Սարգսյանը, շատ ճիշտ է նկատել՝ իրեն Հայաստանում շատերը չեն ճանաչում, և սա նրա կերպարի գլխավոր առանձնահատկությունն է: Այս առանձնահատկությունը կարող է օգտագործվել հօգուտ կամ ի վնաս նրա. նայած իր մասին ինչ կպատմեն լրատվամիջոցները: Որոշ պետական պաշտոնյաների կողմից որդեգրված առանձին ընտրյալ ԶԼՄ-ների հետ շփվելու գործելաոճը Արմեն Սարգսյանին հազիվ թե շահեկան վիճակ ապահովի: Նա թերևս շատ հստակ գիտակցում է այս իրողությունը և հենց այդ պատճառով էլ անընդհատ կրկնում է, որ անպայման պատասխանելու է բոլոր լրագրողների բոլոր հարցերին: Կապրենք՝ կտեսնենք:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: