Աղվեսը պոչին է վկա բերում

Feb 03, 2018 Comments Off on Աղվեսը պոչին է վկա բերում

Օֆշորի արքա, պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում Հայաստանի երիտասարդ միլիոնատերերի պատվավոր շարքում հայտնված Միհրան Պողոսյանը պարզվում է եղել, մնում է ու շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ ջատագովը․ «Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր»: Նա վստահ է, որ այդ ուղղությամբ իր թիմը ծանրակշիռ քայլեր է կատարում, սակայն ինքը կընդունի վերջնական արդյունքը, երբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգա այդ փոփոխություններ։ Մինչդեռ հիշեցմանը, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է հարուցում կոռուպցիայի դեմ իշխանության թմբկահարած պայքարը թեկուզեւ այն պատճառով, որ ջրվեց Պողոսյանի անվան հետ կապվող օֆշորի գործը, պատգամավորը գրեթե կորցնում էր ինքնատիրապետումը․ «Եթե կան որոշակի օղակներ, որոնք չեն ուզում բավարարվել որոշակի հարցի քննարկման ավարտից և լուծումից, ապա դրանք անբավարարված օղակներ են, չեն կարող ոչինչ անել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել` մենք բազմիցս փաստեր ենք բերել և այդ էջը փակել: Ես ուզում եմ վկայակոչել ևս մեկ անգամ` երկար տարիների, երկար ամիսների ընթացքում քննվեցին բազմաթիվ մարդիկ, քննվեցին բոլոր մարդիկ, ովքեր վկայակոչված էին այդ հոդվածներում` անկախ նրանց ունեցած դերերից, կարգավիճակից: Այդ ամենի ներքո և դրանից ավելի վաղ իմ կողմից ներկայացվեցին համապատասխան բանկից պատասխաններ, որոնք հրապարակվեցին, որից հետո ես հրաժարական տվեցի՝ թողնելով իմ բախտի որոշումը մեր իրավապահ մարմիններին»:

Պողոսյանի խոսքով՝ իրավապահներն 7-8 ամիս աշխատելուց հետո պարզեցին, որ վկայակոչված բանկում նման կազմակերպություն և հաշիվներ չկան: «Եթե չկա հաշիվ, չկա նաև դրամական շարժ»,- ասաց նա՝ հավելելով որ միայն դրանից հետո է ինքն իրեն թույլ տվել, որպես ՀՀԿ-ի թեկնածու, մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Փաստը ցույց տվեց, որ ինձ հավատաց գոնե 20.000 մարդ: Հիմա ես այդ մարդկանց շահերն եմ փորձում ներկայացնել ԱԺ-ում»,-բավականին լուրջ տոնով փորձում էր վստահեցնել պատգամավորը։ Նախ ով ով Միհրան Պողոսյանը մեզանից լավ գիտե հայաստանյան իրավապահների գործունեությունը, եւ այն էլ, երբ խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատին է վերաբերում։ Պատկերավոր ասած՝ «աղվեսը պոչին է վկա բերում»։ Իսկ ո՞վ կարող է ապացուցել մեր իրավապահների անաչառությունը, երբ կասկածելու հազար ու մի պատճառ կա, երբ Հայաստանում արդարադատությունը ընտրողաբար է։ Եթե Միհրան Պողոսյանն արժանացել է Սերժ Սարգսյանի ներումին, ապա դա չի կարող փաստել նրա անմեղությունը։ Ի դեպ, եթե նա հերքում է անհերքելին՝ այն, որ Հայաստանում բանանի մենաշնորհը իրենն է, ապա կհերքի ամեն բան․«Ես «Քեթրին գրուպի» հետ կապ չունեմ։ Որպես բիզնես միջավայր և որպես բիզնեսի կարգավորում չեմ մասնակցում», – հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է պատրաստվում ազատականացնել բանանի շուկան։

«Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», – իրականությունից կտրված հայտարարություն արեց նա այն պարագայում, երբ վերջին ամիսներին ոչ բանանի գինն է փոխվել, ոչ էլ այլ բան, ինչը կփաստեր շուկայի ազատականացման մասին։ Ի դեպ, նա զրույցի վերջում դիմակազերծեց իր «բարի քեռիի» կերպարը։Հիշեցնենք, որ նա «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել ուսումը օտարերկրյա դպրոցական հաստատություններում, երբ լրանում է զորակոչի տարիքը: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյո՞ք այն է, որ իր որդին սովորելու է օտարերկրյա դպրոցում: «Կարող է եւ գնան օտարերկրյա դպրոց»,- չհերքեց Միհրան Պողոսյանը:

Հարցին՝ ձեր երեխաների համա՞ր եք այդ նախագիծը ներկայացնում, Միհրան Պողոսյանը հաստատեց. «Ես նաեւ ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկանանք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Հայաստանում սովորողները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում: Անձնական շահագրգռվածություն կա, որովհետեւ 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: