ՀՀԿ-ն արցունքներին չի հավատում

Feb 02, 2018 Comments Off on ՀՀԿ-ն արցունքներին չի հավատում

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր «Ելքի» առաջարկը՝ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նշված օրը Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Նախագծի հեղինակ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի:

Քննարկումն անցավ բուռն մթնոլորտում, ՀՀԿ խմբակցության իրավաբանների ծանր հրետանին՝ Հրայր Թովմասյանը, Գեւորգ Կոստանյանը եւ նորելուկ՝ Ռուստամ Մախմուդյանը համատեղ ուժերով փորձեցին ապացուցել, որ Ելք-ի առաջարկը տեղին չէ։ Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ բռունցքներով հարձակվելը ի՞նչ է իրենից ներկայացնում, այնուամենայնիվ, հարվածե՞լ է, թե՞ ուղղակի հարձակվել է: Բռունցքներով հարձակվելը ինձ համար պարզ չի, բռունցքները մարդու օրգանիզմի ինչ-որ մաս են, ըստ ձեզ հարվածներ եղե՞լ են, թե՞ բռունցքներով հարձակվել է միայն: Սրանք տարբեր բաներ են»:

Թովմասյանն ծաղրեց, որ Գեղամյանը կարող է բռունցք է արել ու 6 մետր առաջ եկել: Գեւորգ Կոստանյանն էլ լրացրեց, որ պատասխանատվության համար կարեւոր նշանակություն ունի արարքը, հետեւանքը եւ դրանց միջեւ պատճառահետեւանքային կապը. «Եթե ասում եք, որ հարձակում է տեղի ունեցել, կարեւոր է հետեւանքը՝ ունե՞նք հետեւանք, թե՞ չունենք: Մարմնական վնասվածքներ կա՞ն, թե չկան»:

Արտակ Զեյնալյանը ջանում էր համոզել, որ թող հանձնաժողովը ստեղծվի եւ ինքն էլ որոշի՝ կա հանցակազմ, չկա, խախտել է Գեղամյանը էթիկայի կանոնները, թե չի խախտել։ Պնդեց նաեւ, որ Գեղամյանը ոտնձգություն է արել, Կոստանյանն էլ հակադարձեց՝ լավ է, որ պնդում եք, բայց ձեր պնդումը հաստատող փաստական ապացույցներ եթե լիներ՝ կքննարկեին այդ հարցը: Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ ներկայացրեց նույն առաջարկությունը, ինչը առաջին անգամ, երբ ամիսներ առաջ Ելք-ը նույն նախաձեռնությամբ հանդես եկավ, դա վերնագրի հետ է կապված, որը ըստ ՀՀԿ-ականի՝ արդեն իսկ կանխակալ է։ «Այդպես Գեղամյանի անմեղության կանխավարկածն է խախտվում»։ Մարուքյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն վատ է զգում, որ իրենց խմբակցության անունն է նշվում վերնագրում․«Դա հասկանալի է», սակայն նա տարակուսեց՝ ինչպես կարելի է՝ չհավատալ պատգամավորի հայտարարությանը․«Եթե վաղը պարոն Կոստանյանը հայտարարություն անի, պետք է չհավատա՞նք։ Ասում եք, որ ամսաթվով գրենք վերնագիրը, այդ օրը կարող է մի քանի հատ ավարիա է եղել, մեկի ոտը ոլորվել է ճաշարանում, մեկը մեկի քամած մածունն է կերել, ես ինչ իմանամ՝ ինչ է եղել: Մենք ասում ենք, որ տեղի է ունեցել պատգամավորի հետ կապված լուրջ միջադեպ»։ Մախմուդյանն էլ մեջբերեց Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա նշել էր, որ Գեղամյանի հարձակումից հաջողությամբ պաշտպանվել է եւ մի երկու անգամ էլ կոշիկները փայլեցրել իրենով. «Հիմա սա պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտման փա՞ստ է, թե՞ ոչ»:

«Ելքն» էլ առաջարկեց, որ Փաշինյանի կոշիկները Գեղամյանի վրա փայլեցնելու դեպքի առիթով նախագիծ ներկայացնի ՀՀԿ-ն: Ամփոփիչ ելույթում Կոստանյանը ընդդիմադիրների պնդումներին ի պատասխան հարցրեց՝ եթե վստահ եք, որ եղել են հարվածներ, ինչու այդ դեպքում քրգործ չեն հարուցել, չէ՞ որ քրեական հանցագործություն է կատարվել։ Ի վերջո, նախագիծը մերժվեց։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն չի հավատում Նիկոլ Փաշինյանին ու սադրում է՝ եթե եղել է հարված, ուրեմն դիմի իրավապահներին։ Բայց քանի որ դեպքից արդեն ամիսներ են անցել եւ մաքրվել են բոլոր հետքերը, Ելք-ը որեւէ բան էլ չի կարող անել։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: