Օպտիմալացման հերթը հասավ ՊՆ համակարգին

Feb 04, 2018 Comments Off on Օպտիմալացման հերթը հասավ ՊՆ համակարգին

Կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված է  ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ ստեղծելու նախագիծը, որով պետք է միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Զինուժ» ստուդիա», «Հայզինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները: Նոր հիմնարկի գործունեության հասցեն ՀՀ ՊՆ վարչական համալիրն է (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5):

Նախկինում այս երեք հիմնարկները թողարկում և սպասարկում էին  «Հայ զինվոր» պաշտոնաթերթը, «Զինուժ» հեռուստածրագիրը, «Ասպար» ռադիոծրագիրը և ՊՆ պաշտոնական կայքը: Ըստ նախագծի հիմնավորման, եթե լրագրողական թիմի աշխատանքը և «Սպայի տուն» պետական հիմնարկի միջոցները և ներուժը  միավորվի և համակարգվի միասնական ձևաչափում,  ցանկացած ստորաբաժանման լրագրողի կատարած աշխատանքը հեշտությամբ կօգտագործվի մեկ այլ ստորաբաժանման տեղեկատվական արտադրանքում։

Նորաստեղծ «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկի գործունեության խնդիրները, նպատակներն ու գործառույթները պետք է լինեն հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի և տպագիր մամուլի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը: Որպես գործունեության ոլորտ նշվում է նաև  հայրենասիրական գաղափարների տարածումը, ՀՀ տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդումը, հանրության հայրենասիրական ոգու բարձրացումը: Այդ նպատակով կրականացվի տեսանյութերի, հեռուստառադիոհաղորդումների և հրապարակումների թողարկումներ,  համացանցում զետեղելու միջոցով հանրային իրազեկումը կապահովվի՝ տեղեկատվական շտեմարան-պահոցի (ֆիլմեր, տեսաձայնագրություններ և այլ նյութեր) շարունակական արդիականացմամբ:

Նորաստեղծ  «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկը իրականացնելու է նաև ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկումն ու զարգացումը:

Ըստ կառավարության սպասելիքների` միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով  տեղեկատվական արտադրանքի որակի վրա:

Փաստորեն օպտիմալացումների հերթը հասավ նաև Պաշտպանության նախարարություն: Ի դեպ, բացի մեդիա համակարգի հիմնարկներից ՊՆ-ն ունի այլ կառույցներ ևս, որոնք տարատեսակ գործառույթներ են իրականացնում պաշտպանական ոլորտի  և գերատեսչության համար: Հետաքրքրիր է՝ օպտիամալացման սկզբունքը կգործի՞ նրանց համար ևս,  թե դա միայն մեդիա ոլորտին է վերաբերվելու:  Նշենք նաև, որ ՊՆ-ն բացի մեդիա գործունեություն ծավալող պետական հիմնարկներից, որոնք այժմ միավորվում են, ունի  Տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ինչպես նաև նախարարի մամուլի խոսնակ:

Հիշեցենենք, որ պետական մեդիա ընկերությունների միավորում կատարվել էր նաև նախորդ տարվա վերջին՝ այն ժամանակ «Հայաստանի Հանրապետություն», «Հանրապետություն»  ընկերությունները միավորվեցին  «Արմենպրես» ՓԲԸ-ին,  որպես հիմնավորում նշվեց պետական ֆինանսների տնտեսումը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: