Սերժ Սարգսյանը փաստացի հրաժեշտ է տվել

Feb 04, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը փաստացի հրաժեշտ է տվել

Երեկ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Նա քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ, թե որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար:

Սերժ Սարգսյանը նախընտրել է այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել է այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու և կազմակերպելու հարցերից, ըստ էության որոշ ուշագրավ փակագծեր բացելով:

«Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլև որոշ դեպքերում ստեղծում են նաև նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժամանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավորինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին: Ակնհայտ է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում ավելանում են հակամարտությունների ու տարատեսակ ճգնաժամերի քանակը, հակասությունները անվտանգության ոլորտի տարբեր կազմակերպությունների միջև, կրոնական և էթնիկ անհանդուրժողականության միտումները»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է նաև արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը: «Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց ԱԳՆ-ում»։

Ի դեպ, խոսելով ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների մասին, Ս.Սարգսյանը կոնկրետ օգտագործել է դրանց լուծման ուղղությամբ՝ «արտգործնախարարության որոշ թերացումները» ձևակերպումը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ նա շեշտել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում, բայցև հավելել է. «Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք: Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»:

Ըստ երևույթին, Էդվարդ Նալբանդյանին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում «շնորհակալություն» հայտնելը, կարելի է նաև համարել նրան հրաժեշտ տալու որոշակի ժեստ: Մամուլում վաղուց են խոսակցություններ շրջանառվում, որ նա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի համաժողովից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի ԱԳ նախարարի պաշտոնը:

Սերժ Սարգսյանի ելույթում որոշ շեշտադրումներ, իսկապես, կարելի է հիմք համարել երկրի արտաքին քաղաքականության կազմակերպման և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման և արդիականացման տեսանկյունից կարևոր ելույթ, որոնք համեմված են ԱԳՆ-ի գործունեության «թերացումների» մասին թափանցիկ ակնարկով:

Նախ՝ ապրիլյան պատերազմը նոր անհրաժեշտ հարցադրումների պատասխանների է սպասում՝ ազգային անվտանգության ապահովման առումով, և իհարկե, այստեղ առաջ է գալիս այդքան չարչրկված Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն իսկապես ռազմավարական ու հավասարը-հավասարի դարձնելու հրամայականը, որը գործող ԱԳՆ-ն իր՝ ղեկավարով վստահաբար չի կարող իրականացնել: Շատ դեպքերում մեր ԱԳՆ-ն նմանվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի վարչության:

Բացի այդ՝ կարևոր է ԱԳՆ-ի ինքնուրույնության, նախաձեռնողականության հարցը: Մենք չենք կարող ասել, որ ունենք այդպիսի արտգործնախարարություն ու արտգործնախարար: Չկա ինքնուրույն նախաձեռնողական քաղաքականություն տարածաշրջանային քաղաքականությունում:

Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջնահերթությունների հարցն է՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման տեսանկյունից: Այստեղ էլ՝ ունենք ինքնուրույնության գործոնի պակաս… ՈՒնե՞նք առհասարակ տեսլական, թե ինչ լումա ենք ներդնում այս երկրների հետ հարաբերությունների մակարդակը գործով բարձրացնելու հարցում, ոչ թե բացառապես ելույթներով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: