Արմեն Սարգսյանի  «սուտ լուրի» ֆենոմենը

Feb 01, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանի  «սուտ լուրի» ֆենոմենը

 Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ Արամ Աբրահամյանի հետ ունեցած հարցազրույցում, անդրադարձել է իր անվան հետ կապված մի շարք ինտրիգային հարցերի, որոնք վերջին օրերին ԶԼՄ-ներում լայնորեն շրջանառվում են:

Առաջինը Վազգեն Սարգսյանի հետ ունեցած վիճաբանության և վարչապետի պաշտոնից հեռանալու մութ պատմությունն է: Արմեն Սարգսյանը նորից պնդել է, որ իր և երջանկահիշատակ սպարապետի միջև որևէ վեճ չի եղել, և ինքը ընդամենը 4 ամիս վարչապետի պաշտոնը ստանձնելուց  հետո հեռացել է առողջական ծանր խնդիրների պատճառով: Նրա խոսքով՝ իր ապաքինումը եղել է դժվար ու երկարատև՝ նախ վիրահատություն Լոնդոնում, ապա նաև մեկուկես տարվա հետվիրահատական բուժում: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկել է այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, տեղյակ են եղել նաև Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ ՆԳ նախարար էր, և Վազգեն Սարգսյանը, որը պաշտպանության նախարարն էր: Նախագահն անձամբ է հորդորել՝ գնալ և զբաղվել առողջական խնդիրներով: «Ես կարող եմ շատերի հետ վիճել, ունենալ հակառակ կարծիք, բայց քչերը կարող են իմ վրա ձայն բարձրացնել»,- ասել է նախագահի թեկնածուն և ավելացրել, թե այս պատմությունը, որը արդեն ավելի քան 20 տարի պտտվում է, «սուտ լուրի» ֆենոմենն է, որը 21-րդ դարի տեղեկատվական հնարքներից է: Արմեն Սարգսյանը անգամ մի քանի պատմություն է պատմել իր և Վազգեն Սարգսյանի մտերմության մասին: Սուտ լուրի ֆենոմենը, իհարկե, հավանական տարբերակ է, բայց կոնկրետ դեպքում Արմեն Սարգսյանը ակամա կամ էլ գուցե միտումնավոր վկաների անուններ է հրապարակել: Գնդակն այժմ Տեր-Պետրոսյանի և Բաբկեն Արարքցյանի դաշտում է. նրանք կարող են հաստատել կամ հերքել, որ տեղյակ են եղել Արմեն Սարգսյանի առողջական ծանր խնդիրների մասին:

Հաջորդը խնդիրը՝ վերջին 6 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու սահմանադրական պահանջին համապատասխանության հարցն էր: Արամ Աբրահամյանի այս հարցին Արմեն Սարգսյանը ուղղակի պատասխան չի տվել՝ նշելով, որ այդ հարցի հասցեատերը ինքը չէ՝ դրա համար կան համապատասխան մարմիններ, ոքվեր պետք հաշվարկեն, թե արդյոք ինքը իրավունք ունի առաջադրվել որպես նախագահի թեկնածու. «Եթե պարզվի, որ չունեմ նման իրավունք, ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա՝ խնդիրը նրբորեն տեղափոխելով գործող իշխանության, տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի դաշտը: Եվ իսկապես, այս մասին պարտավոր էին մտածել  Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ նրան նախագահի պաշտոնը առաջարկելուց առաջ:

Հաջորդը՝ Ամուլսարի ոսկու հանքում՝ «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերությունում բաժնեմաս ունենալու  հարցն էր: Արմեն Սարգսյանը կտրականապես հերքեց այս լուրերը և վստահեցրեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի անդամները, ո՛չ էլ իր մերձավորները երբևէ չեն եղել «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերության անդամ: «Կարող է որևէ մեկը հարցում անել Լիդիանի կամ էլ Կանադայի համապատասխան մարմիններին և պարզել, թե արդյոք Արմեն Սարգսյանը, իր որդիները, կինը, հորաքրոջ տղան, հորեղբոր որդին բաժնետեր եղել են թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ո՛չ»,- հայտարարել է թեկնածուն: Նրա խոսքով՝ ինքը եղել է ընդամենը այս ընկերության խորհրդատվական մարմնի անդամ՝ 3 ամսով, և այդ գործն արել է ընկերության առաջարկով: Ըստ օրենքի՝ անկախ խորհրդատուն չի կարող  բաժնետեր լինել: Բացի այդ՝ «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերությունում բաժնետերեր են Համաշխարհային բանկն ու Եվրոպական բանկը, որոնք չեն ընդունում, որ իրենց հետ բաժնեմաս ունենան որևէ երկրի նախկին կամ ներկա պաշտոնյաները: Ինչ խոսք՝ հիմնավորումները կարծես թե համոզիչ են, եթե չկան հակառակն ապացուցող փաստեր:

Հարցազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ասել է նաև, որ պատրաստ է լսել քննադատություն, եթե իր աշխատանքի ընթացքում թույլ կտա սխալներ, բայց կուզենար, որ իր մասին գրվեր և ասվեր այն, ինչն իրականություն է: Ինտրիգային հարցը, թե իրեն բրիտանացի զգում է, ստացավ այսպիսի պատասխան. «Բրիտանացի չէ, հայ եմ զգում»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ նախագահի թեկնածուի զրույցը  երևաց, որ Արմեն Սարգսյանը  տիրապետում է դիվանագիտական հմտություններին, ճանաչում է բիզնես աշխարհը, ունի կապեր: Նախագահի թեկնածուն ամեն կերպ ջանում էր ցույց տալ, որ չի կորցրել հայաստանյան իրականության զգացողությունը, թեպետ դա իրեն առանձնապես չհաջողվեց: Արմեն Սարգսյանը պատմեց, որ ընտանիքում անգամ թոռները և ամերիկուհի հարսը հայերեն են խոսում, բայց դրանք համոզիչ փաստարկներ  չէին: Արդյոք երկար ժամանակ Արևմուտքում ապրած Արմեն Սարգսյանը Հայաստանի կլանային իշխանական համակարգից արժեհամակարգային տարբերություն ունի՞ հարցին պատասխանեց մեկ բառով՝ ոչ: Սա հավանաբար դիվանագիտական պատասխան էր, որովհետև զրույցի ընթացքը հակառակը ցույց տվեց: Մի տեսակ նաև այնպիսի տպավորություն կար, թե Արմեն Սարգսյանը այն տիպաժը չէ, որը կարող է համակերպվել և մնալ «անգլիական թագուհու» կարգավիճակում:

 

 Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: