Կառավարական ամառանոցում վարչապետ Սերժ Սարգսյանը մեկ հարեւան կունենա.ով է նա լինելու

Feb 02, 2018 Comments Off on Կառավարական ամառանոցում վարչապետ Սերժ Սարգսյանը մեկ հարեւան կունենա.ով է նա լինելու

Սահմանադրությունից բխող ու կառավարման նոր մոդելին հանգեցնող  օրենքներից հստակ ուրվագծվում է , թե ով է ապագայում զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը: Էլ ոչ մի կասկած, որ Սերժ Սարգսյանը դառնալու է ՀՀ վարչապետ, որը նոր մոդելի պարագայում երկրի ղեկավար պաշտոնն է: Անվտանգության խորհրդի եւ մի շարք նոր օրենքների համաձայն ապագայում իշխանությունը կենտրոնացվելու է վարչապետի ձեռքում, իսկ սա նշանակում է, որ նա էլ կնշանակվի այդ պաշտոնում: Վարչապետն է ղեկավարելու Անվտանգության խորհուրդը, նույնիսկ նստավայրը չի փոխվի , ապագա վարչապետը՝ այսինքն գործող նախագահը, կմնա Բաղրամյան 26-ում: Հրապարակվել է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքը, որն էլ սահմանում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կեցության, վարձատրության պայմանները, նախանշում նստավայրերը: Վարչապետն ունենալու է ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:Վերը նշված հնարավորություններն այսօր ունի բացառապես Սերժ Սարգսյանը՝ նախագահի պաշտոնում: Փոխարենը կեցության առավել համեստ պայմաններ կունենա ՀՀ նախագահը, որը թեպետ Սահմանադրությամբ պետության գլուխն է, բայց դա, փաստորեն, դեռեւս չի նշանակում , որ իշխանության գլուխն էլ է: Նույն օրենքի համաձայն ՝ նախագահի աշխատավարձը նույնը կմնա, կփոխվի նստավայրը.այն Բաղրամյանից կտեղափոխվի Մաշտոցի 47  ՝ Կառավարության ընդունելության տուն, որտեղ մեծ թափով այժմ շինաշխատանքներ են կատարվում: Նախագահն այլեւս չի ունենա հատուկ ինքնաթիռ եւ ուղղաթիռ, դրանք ունենալու պատիվը բացառապես վարչապետին է տրվում: Ուշագրավ է, որ օրենքով վարչապետն է սահմանելու, թե որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել այդ օդային տրանսպորտային միջոցներից: Իսկ Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին կտրամադրվի ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ: Ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել նախատեսված սպասարկումից: Ստացվում է, որ վարչապետից հետո միակ պաշտոնյան, որը կունենա շքեղ կենսակերպ ՀՀ նախագահն է լինելու: Թեպետ տարիներ շարունակ կառավարության ամառանոցում ապրելու իրավունք են ունեցել ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ եւ ՍԴ նախագահները:

Նշենք, որ նախագահը կունենա հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, անձնական բժիշկ, ինչպես  վարչապետը: Կառավարական ամառանոցի հարեւանությամբ կարող են ապրել միայն նախագահի եւ վարչապետի ընտանիքները: Նախագահի առանձնատան հասցեն է լինելու Ձորափի 74, 4-րդ մասնաշենք, վարչապետինը՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք: Նրանք կունենան նաեւ պետական ամառանոց Սեւանում:
Նախագծով սահմանված է նաեւ, որ ՀՀ նախագահը կունենա իր աշխատակազմը, սակայն թվաքանակը պետք է սահմանի նախագահը, եւ այն չի կարող գերազանցել 180-ը (վարչապետի աշխատակազմում կարող է լինել մինչեւ 600 հաստիք): Նշենք, որ ներկայումս նախագահականի աշխատակազմը մոտ երեք անգամ ավելին է, քան ապագա նախագահինն է լինելու: Պաշտոնաթող նախագահներին օրենքով տրամադրվելու է ավտոտրանսպորտ եւ  իր ցանկությամբ  կահավորված գրասենյակ, որի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ նախագահի աշխատակազմին պետուջեից հատկացված միջոցներից: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավել, քան 3 հաստիք, որոնք ընդգրկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան 10 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը տրամադրվելու են պետական բյուջեից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: