Ես դժգոհ եմ հանդիսատեսից, նրանց մի մասը անկիրթ ոչնչություններ էին. Լեւոն Ջուլֆալակյան

Jan 31, 2018 1 Comment

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը:

-Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայաստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբիշների պահվածքին:

-Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես  դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և  գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայն դեպս ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ:

-Գո՞հ եք Հայստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների քանակից և մրցակցությունից:

-Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը, և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ:

-Նոր անուններ հավաքականում կտեսնե՞նք:   

-Նոր անուններ, բնականաբար, կլինեն, քանի որ նոր քաշային կարգեր են ավելացել: Փորձարկվելու են Հայաստանի առաջնությունում հաղթած մարզիկները: Աչքի ընկած ըմբիշներ կան, բայց, կրկնում եմ, որակը  ինձ չի գոհացնում: Հավաքներն ու միջազգային մրցումները ցույց կտան:

-77 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև, բուռն քննարկումների առիթ դարձավ: Կարծիքներ էին հնչում, որ անարդար մրցավարություն կար: Դուք ի՞նչ կասեք:

-Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա և այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան, նրանք փորձարկումներ են անցնում նաև միջազգային գորգում: Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսևորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է: Սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի և մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում՝ Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես, և կորոշվի ուժեղագույնը, որն էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ

Մեկ անդրադարձ “Ես դժգոհ եմ հանդիսատեսից, նրանց մի մասը անկիրթ ոչնչություններ էին. Լեւոն Ջուլֆալակյան” հրապարակմանը