Արմեն Սարգսյանի հերթական «փախուստը» չուշացավ

Jan 31, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանի հերթական «փախուստը» չուշացավ

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, իր խոստման համաձայն, շարունակում է հանդիպումները կուսակցությունների եւ հասարարակական գործիչների հետ: Այսօր նա այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա: Արմեն Սարգսյանն իր հանդիպումները երեկվանից է սկսել: Առաջինը հանդիպեց իշխանական ուժերի՝ Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչներին: Իսկզբանե Արմեն Սարգսյանը որոշել է անտեսել լրագրողներին, ոչ երեկ, ոչ այսօր ԳԱԱ շենքում հիմնականում անպատասխան թողեց լրագրողների հարցերը։ Կամ կարելի է ասել պատասխանեց նրանց, որոնց ինքը ցանկացավ։ Երեկ, օրինակ, ասաց, որ իր վարչապետության ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, առավել եւս նրա հետ միջադեպի պատճառով չի հեռացել Հայաստանից, իսկ այսօր նա հասցրեց հերքել իր եւ Ամուլսարի հանքի կապը, խոստանալ, որ ընդմիշտ է Հայաստանում մնալու ու չորս ամիս հետո չի հեռանալու, ինչպես 1990-ականներին վարչապետի պաշտոնից եւ, որ ամենակարեւորը սխալ է թարգմանվել տիկնոջ խոսքերը եւ վերջինս չի հայտարարել, թե որդիները իրենց բրիտանացիներ են զգում։

Թեպետ նախագահի թեկնածուին քաղաքական հարցեր էին ուղղվում, մասնավորապես Սերժ Սարգսյանի իշխանությունը հակակշռելու հնարավորության, նրա գործունեության գնահատականի եւ այլնի մասին, բայց ՀՀԿ-ի թեկնածուն գերադասեց պատասխանել ավելի «անշառ» հարցերի։ Այսինքն, նախագահի պաշտոնին հավակնող անձը, որը իբրեւ թե տարբերվում է համակարգային պաշտոնյաներից իր կրթվածության մակարդակով, ինտելեկտով, ոչնչով չտարբերվեց նրանցից։ Նա վիրավորելու փոխարեն ավելի «քաղաքակիրթ» ճանապարհ ունի լրագրողներից ազատվելու համար։ ԳԱԱ-ում տեւած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հետնամուտքով լքեց շենքը, չնայած այն հանգամանքի, որ լրագրողները սպասում էին իր հետ ճեպազրույցի։ Հանդիպման մանրամասներ հայտնեց ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը:«Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտագաղթի, տնտեսության զարգացման հետ կապված հարցեր: Պարոն Սարգսյանը շատ կարևորեց մեր երկրի արտաքին քաղաքականության այդ մոդելը, որ մենք Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ միաժամանակ պայմանագրեր կնքեցիք։ Դա հնարավորություն է տալիս շուկան լավացնելու, տեխնոլոգիաների ճանապարհը, որը կգա Հայաստան, մենք մասնակից կլինենք»,- ասաց նա։

Ըստ Մարտիրոսյանի՝ էական որեւ պատճառ չի կարող լինել, որ Սարգսյանը հրաժարվի ՀՀԿ-ի առաջարկից։ «Արմեն Սարգսյանն ասաց՝ քանի որ մենք մեծ նյութական ռեսուրսներ չունենք, կարեւորը մտավոր ռեսուրսներն են, հետեւաբար իշխանությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ ոլորտին»,- թեկնածուի խոսքերը ներկայացրեց Մարտիրոսյանը՝ ասելով, որ Սարգսյանը այս ոլորտում կոնկրետ քայլերի մասին չի խոսել, թե ինչ պետք է անի,-«Մենք անգամ չգիտենք, թե ինչ պետք է արվի։ Պարզ է, որ այսօր այն միջոցները, որ մեզ տրամադրում են, բավարար չէ»։

Ռադիկ Մարտիրոսյանի համար տհաճ էր լսել հարցը՝ Արմեն Սարգսյանին կհաջողվի անել այն քայլերը, որը չի հաջողվել այսօրվա իշխանություններին ու այդ ամենի արդյունքում արտագաղթի մեծ ցուցանիշ ունենք․«Էէ․․․Խոսվել է պրոբլեմների մասին, նա էլ ասել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի»։ Նա չգիտեր, չէր կարող ասել՝ Արմեն Սարգսյանը իշխանության մեղքի բաժինը տեսնում է, թե ոչ արտագաղթի հարցում։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: