Արթուր Ջանիբեկյանը գնել է Երեւանի ամենագեղեցիկ եւ հին շենքերից մեկը (լուսանկարներ). ՀԺ

Jan 31, 2018 Comments Off on Արթուր Ջանիբեկյանը գնել է Երեւանի ամենագեղեցիկ եւ հին շենքերից մեկը (լուսանկարներ). ՀԺ

Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Տեղեկությունը անձամբ Ջանիբեկյանից ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:

Առեղծվածային պատմություն ունեցող «Գիտնականի տուն»-ը 1995 թվականին կառավարության որոշմամբ օտարվել է Հունաստանի կառավարությանը՝ տեղում դեսպանատուն ստեղծելու նպատակով: Մինչեւ 2016 թվականը հունական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկել շենքը պահպանելու ուղղությամբ, որը բավականին անմխիթար տեսք ունի: Մեզ հայտնի դարձավ, որ 2016 թվականի մայիսին Հունաստանի ակտիվների զարգացման հիմնադրամը գեղեցիկ շինությունը վաճառքի է հանել:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասված էր. «Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամը (HRADF) հայտարարում է բաց միջազգային մրցույթ՝ Մոսկովյան փողոց 22, Երևան, Հայաստան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի համար: Գույքը տեղակայված է Երևան քաղաքի փոքր կենտրոնում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կասկադի հարևանությամբ: Գույքը բաղկացած է 1156.7 ք/մ մակերեսով մեկ հիմնական եռահարկ շենքից, 361.7 ք/մ ընդհանուր մակերեսով չորս առանձին օժանդակ շինություններից և 1985.95 ք/մ մակերեսով հողատարածքից: Գնման առաջարկները կընդունվեն Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամի (HRADF) կողմից մինչև ս.թ. հունիսի 24-ին՝ ժամը 19:00-ը»:

Հիմնադրամը շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալության հետ: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքը վաճառվել է, սակայն գնորդի մասին տեղեկություն չհայտնեց: «Շենքը վաճառքի չի, 2016 թվականին է եղել հայտարարությունը: Շենքը վաղուց վաճառվել է եւ անհատի սեփականություն է»,- ասաց Մարինա Չատինյանը: Հարցին՝ սեփականատերը Արթուր Ջանիբեկյա՞նն է, նա պատասխանեց. «Ես անշարժ գույքի ընկերության ղեկավար եմ, ո՞նց եք կարծում՝ ես իմ գնորդների մասին պետք է ինֆորմացիա տարածե՞մ, ո՛չ: Ինձ թվում է՝ դուք ինձ շատ լավ հասկանում եք: Դա գաղտնիք չի բացարձակ, բայց ես նման ինֆորմացիա չեմ տալիս: Իսկ ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է եղել գնորդը: Հավատացեք, այնտեղ այլանդակություն չի կառուցվելու: Ես ձեր նման սրտացավ երեւանցի եմ, իմ քաղաքը շատ սիրող ու բնականաբար՝ ես բացարձակ չէի ուզի, որ նման գեղեցիկ շենքը դառնար այլանդակ շինություն: Հավատացեք, շենքը կկարգավորվի եւ շատ գեղեցիկ կվերապրի, իր տեսքը նորից կստանա: Երեւանցիներով միայն ուրախ կլինենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: