Պուտինի մերձավորների՝ օլիգարխների ու հարյուրավոր գործիչների անունները Սպիտակ տան սեղանին

Feb 01, 2018 Comments Off on Պուտինի մերձավորների՝ օլիգարխների ու հարյուրավոր գործիչների անունները Սպիտակ տան սեղանին

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակեց ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան ապագա պատժամիջոցների պոտենցիալ թիրախներ են:

Որպես «Կրեմլի ցանկ» հայտնի զեկույցը ներառում է 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ, որոնք կարողություն կամ ազդեցություն են ձեռք բերել Պուտինի հետ առնչությունների միջոցով:

Ցանկում, որն անվանում են նաև «Պուտինի ցուցակ», ընդգրկված են Ռուսաստանի նախագահի 43 օգնականներ, այդ թվում՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կառավարության 31 անդամներ, ներառյալ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Միխայիլ Պրոխորովը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովը, Kaspersky Lab-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին, ինչպես նաև «Ռոսնեֆտ», «Սբերբանկ» և այլ պետական խոշորագույն ընկերությունների ղեկավարներ:

«Կրեմլի ցանկը» ֆինանսների նախարարությունը հունվարի 29-ին ներկայացրել է Կոնգրեսին: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ տվյալ պահին նոր պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի նկատմամբ:

Երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսի հաստատմանը ներկայացրեց նոր «Կրեմլի ցանկը»: Սա պատժամիջոցների նոր ալիք է, քանի որ մեծ ձկներից բացի, ցանկում ընդգրկվելու են նաև ռուսական երկրորդական ընկերությունները և Կրեմլի հետ բիզնես կապեր ունեցողները։

Եթե Վաշինգտոնը ժամանակին պատժամիջոցներ էր սահմանում Ռուսաստանի պետական խոշոր հաստատությունների և խոշոր գործարարների նկատմամբ, ապա հիմա պատժամիջոցների սպառնալիքի տակ են ընկնում նաև այն ընկերությունները, որոնք շարունակում են բիզնեսը պատժամիջոցների տակ ընկած խոշոր ձկների հետ։ Այս ճանապարհով փակվում է շղթան, որի բաց լինելը Ռուսաստանին հնարավորություն էր տալիս մեղմել պատժամիջոցների ազդեցությունը։

Ռուսական մամուլը արդեն մի քանի օր գրում էր, որ 300 անուն է շրջանառվում։ Ֆինանսական ինստիտուտները քայլեր են ձեռնարկում նվազեցնելու հնարավոր հետևանքները։

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա կապել է ընտրությունների հետ։ «Մենք գտնում ենք, որ սա ուղիղ և ակնհայտ փորձ է ինչ-որ գործողություններով ներազդել ընտրությունների վրա։ Մենք դրան համաձայն չենք։ Համոզված ենք՝ որևէ ազդեցություն չի լինի», – ասել է Պեսկովը։

Պուտինի խոսնակը նշել է, որ ցանկի հրապարակումը ինքնին ոչինչ չի նշանակում, դա պատժամիջոցների նոր ալիք չէ։ «Իհարկե, պետք է վերլուծել, ուսումնասիրել, թե ինչ կհետևի ցանկի հրապարակմանը», – ասել է նա։

Պետդեպարտամենտում պատժամիջոցների սահմանելու հարցերի նախկին համակարգող Դենիել Ֆրիդն ասել է, թե ռուսներն ավելի քան մեկ ամիս է շատ անհանգստացած են այդ հարցով։ «Սա մարդկանց վրա անմիջապես կազդի, որովհետև ցույց կտա, որ նրանք անպաշտպան են, որ Միացյալ Նահանգները կարող է հետևել այդ կարգի մարդկանց իսկ Պուտինը չի կարող պաշտպանել նրանց, որ Պուտինի կոռուպցիոն շրջանում գտնվելը, նրա կոռուպցիոն գործողություններին առնչություն ունենալը հետևանքներ կունենան», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Դենիել ֆրիդը։

Նոր «Պուտինի ցուցակն» ամռանը Կոնգրեսում ընդունված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի շարունակությունն է, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ էր մտել։

Մինչ այս Կրեմլի ցուցակի հրապարակումը, անցած ուրբաթ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել 21 անհատների դեմ, այդ թվում՝ էներգետիկայի փոխնախարար Անդրեյ Չերեզովի, և 9 գործարարների նկատմամբ։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: