Հայկական արմատներով արքայազն ազատ արձակվեց. պայթյուն սպասե՞լ թագավորական ընտանիքում

Jan 31, 2018 Comments Off on Հայկական արմատներով արքայազն ազատ արձակվեց. պայթյուն սպասե՞լ թագավորական ընտանիքում

Սաուդյան Արաբիայում ազատ են արձակվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ամիսներ առաջ ձերբակալված արքայազներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

Reuters-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը համարվող Ritz Carlton հյուրանոցը, որտեղ անցած նոյեմբերից պահվում էին թագավորական ընտանիքի ձերբակալված ներկայացուցիչները և որը փակ էր սովորական այցելուների համար, առաջիկա օրերին կվերսկսի աշխատանքը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի գլխավորությամբ, որոշում էր կայացրել ձերբակալել 11 արքայազնի, մի քանի տասնյակ նախկին ու գործող նախարարների: Ձերբակալվածների թվում էր նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 17 միլիարդ դոլար: Նա ձերբակալվել էր կոռուպցիոն գործունեությանը ներգրավված լինելու մեջ կասկածանքով: Գործարարից բացի ևս շուրջ 350 մարդ էր ձերբակալվել, այդ թվում և մի շարք արքայազններ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ձերբակալվել էին թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ՝ թե գործող , թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց բոլորին տեղավորել էին Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում, որտեղ նրանց հետ բանակցություններ են վարում մինչդատական ֆինանսական համաձայնագրերի մասին, որոնց շրջանակներում արքայազները կարող են վճարի դիմաց ազատ արձակվել, ինչը հնարավորություն կտա զգալիորեն համալրել պետական գանձարանը։

Ալ-Վալիդ բին Թալալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ նա ազատ են արձակել շաբաթ։ «Նա տուն է վերադարձել»։ Սաուդցի պաշտոնյաները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։

Ավելի վաղ հայտնել էին, որ կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը բանակցում է իշխանությունների հետ՝ ծագած տարաձայնությունները կարգավորելու համար։ Նա առաջարկել էր «նվիրատվություն» Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ մեղադրանք չի առաջադրվել։ Բայց իշխանությունները, մասնավորապես երկրի գլխավոր դատախազը, այդ գումարին չէին համաձայնել։

Նաև կալանավորվել էր նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Ալ-Վալիդ իբն Թալալը։ Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Ալ-Վալիդ բին Թալալը Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նա Kingdom Holding Co ընկերության ղեկավարն է, որի բաժնետոմսերը նրա կալանավորումից հետո արժեզրկվել են, ինչի հետևանքով նրա կարողությունը նվազել է 1․2 մլրդ դոլարով։ Մինչև կալանավորումը այն 19 մլրդ դոլար էր գնահատվում:

Այժմ խոսակցություններ են շրջանառվում, որ միլիարդատեր արքայազն և արքայի զարմիկ ալ-Վալիդ բեն Թալալն ազատ են արձակվել ձերբակալությունից և ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ արքայազնն իր ազատման համար ավելի քան մեկ մլրդ դոլար է վճարել:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ալ-Վալիդ բին Թալալը համարվում է հայկական արմատներով արքայազն:

Իսկ ամեն ինչ սկսվեց անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալեցին թագավորական ընտանիքի անդամների՝ նրանց մեղադրելով փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերության, վատնումների և այլ հանցագործությունների մեջ:

Մեղադրանքները կապված էին տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրեց շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Սկանդալը ծագեց Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում:

32-ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է՝ գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը:

Այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացրեցին արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապեցին հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից:

Ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն, ակնհայտորեն, իշխանության է ձգտում՝ ամրապնդելով դիրքերը, և ժառանգորդին իշխանության տանելու ճամփան, փաստացի, հարթ է անցնում:

Բայց արդյոք ներքին նոր պայթյուն չի լինի՞ թագավորական ընտանիքում…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: