Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին պատկանող առողջարանային համալիրի մոտ հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 30, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին պատկանող առողջարանային համալիրի մոտ հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի պահպանության բաժանմունքի ծառայողները հետախուզական աշխատանքների արդյունքում Արզնիում՝ ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանին պատկանող «Արզնի» առողջարանային համալիրի հարևանությամբ գտնվող ձորում՝ ժայռաբեկորների մեջ, հայտնաբերել են կնոջ դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի և Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լաուրա Չ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դին նշված հատվածից դուրս բերելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Փրկարարները մեծ դժվարությամբ մոտ 1.5 կմ ապառաժ քարերի վրայով կարողացան դին տեղափոխել անվտանգ վայր, որտեղից էլ ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը այն տեղափոխեց Աբովյանի դիահերձարան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն այս տարվա հունվարի 12-ին դուրս էր եկել գյուղից և չէր վերադարձել, իսկ հունվարի 14-ին նրա անհետ կորելու վերաբերյալ Կոտայքի Ոստիկանություն էր դիմել քույրը։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: