Մի ստանդարտ , որին Արմեն Սարգսյանը չի համապատասխանում

Feb 01, 2018 Comments Off on Մի ստանդարտ , որին Արմեն Սարգսյանը չի համապատասխանում

ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել, որը մեկնարկել է ՀՀԿ-ի հետ հանդիպմամբ: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ հանդիպումը կայացել է Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ժամանակ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, զրուցել են, հարցեր հղել ՀՀԿ թեկնածուին: Գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին ասել է, որ հանդիպումը շատ լավ է անցել. «Լավ էլ մարդ ա, լավ էլ թեկնածու ա, սաղ ստանդարտներին համապատասխանում ա: ՀՀԿ-ի սրտով ա»:

Գոհ է եղել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը: Նա ասել է, որ հարցով դիմել է նախագահի թեկնածուին՝ կապված ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ: «Ասել եմ, որ մեր հայ ժողովուրդը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնություններին վերաբերող բոլոր հարցերը։ Հարցրեցի, թե Դուք ընտրվելուց հետո կպահպանե՞ք այդ լավ տրադիցիաները։ Ինքը պատասխանեց, որ միշտ մեծ սիրով կպահպանի բոլոր տրադիցիաները»,– պատմել է Կնյազ Հասանովը։

ՀՀԿ-ում հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը գնացել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրո, որտեղ հանդիպել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Մինչ այս հանդիպումը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցության ներկայացրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իրենց համար ընդունելի թեկնածու է: Աղվան Վարդանյանը նաև ասել էր, թե ՀՀ նախագահի պաշտոնում հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր մարդկային, մասնագիտական և պրոֆեսիոնալ որակների առումով: «Ես կցանկանայի նշել և կուզեի, որ դուք էլ նկատեիք, որ Հայաստանի քաղաքական էլիտայում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում, մարդկանց ներկայություն, ովքեր տարբերվում են իրենց հատկանիշներով»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Հին ընկերների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում Արմեն Սարգսյանն ասել է, որ հանդիպելու է Ազգային ժողովի և ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների հետ, ՀԿ-ների, մշակութային, կրթական, գիտական համակարգերի հետ, որից հետո նոր կկատարի իր որոշումը: «Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը, և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- նշել է Արմեն Սարգսյանը: Անդրադառնալով մամուլում իր և Վազգեն Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին շրջանառվող լուրերին՝ նա ասել է, որ դրանք բացարձակ սուտ են:
Հետաքրքիր է՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման շտապող պատգամավորներից գոնե մեկը հարցրե՞լ է նրան, թե արդյոք ինքը համապատասխանում է ՀՀ սահմանադրությամբ նախագահին ներկայացվող պահանաջներին, մասնավորապես վերջին 10 տարում 6 տարի մշտապես ՀՀ-ում բնակվելու կետին: Կամ արդյոք այս ընթացքում նա չի՞ եղել որևէ այլ երկրի երկքաղաքացի:
Հայտնի է, որ նա վերջին վեց տարում ՀՀ-ում չի բնակվել: Բնակվել է Լոնդոնում, որտեղ էլ վերջին 3 տարում եղել է ՀՀ դեսպան: Եթե ընդունեք, որ դեսպան եղած տարիները համարվում եմն դիվանագիտական առաքելություն, և դեսպանատունն էլ համարվում է ՀՀ տարածք, ապա միևնույնն է, պարզաբանման կարիք ունի նախորդ 3 տարվա հարցը, երբ նա չի ապրել Հայաստանում: Հետևաբար կա նախագահի թեկնածուին ներկայացվող մի շատ կոնկրետ և ստանդարտ պահանջ, որին Արմեն Սարգսյանը չի համապատասխանում: Եթե օրենսդրական թեկուզ զուտ տեխնիկական այս անհամապատասխանությունը Արմեն Սարգսյանին չի խանգարում տալ իր համաձայնությունը նախագահ դառնալու առաջարկին, կնշանակի նա չի տեսնում նաև խնդիր սահմանադրությունը խախտելու հարցում: Ուստի այս առումով նա շատ չի տարբերվում իր նախորդներից:

 

Հայկ Դավթյան

Լուսանկարը՝ <<Արմենպրեսի>>

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: