Տարած-ետ բերածի գաղտնիքը

Feb 01, 2018 Comments Off on Տարած-ետ բերածի գաղտնիքը

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ հունավարի 18-ին հրաժարականի դիմում ներկայացրած Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը փոխել է պաշոտնը լքելու իր մտադրությունը:

Նախարարի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույցից հետո որոշել է շարունակել պաշտոնավարումը, և հրաժարականի հարցը օրակարգից հանվել է: Փաստորեն, մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարված հրաժարականը չեղյալ է հայտարարվում. ինչպես ասում են՝ Նաջարյանը փոշմանել է:

Հրաժարականից հրաժարվելու իրողությունը խիստ ուշագրավ ու ինտրիգային է, հատկապես որ պատճառաբանությունը, թե Աշոտ Մանուկյանը ինչու է որոշել մնալ նախարարի պաշտոնում պատճառաբանվում է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ ունեցած զրույցով: Սա աբսուրդային պատճառաբանություն է, որովհետև էներգետիկայի նախարարի պաշտոնը տնտեսական բլոկի ամենաառանցքային պորտֆելն է, և դժվար է պատկերացնել, որ Աշոտ Մանուկյանը մինչ հրաժարականի դիմում ներկայացնելը  իր մտադրության մասին նախագահին և վարչապետին տեղյակ չէր պահել: Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը վստահաբար պետք է տեղյակ լինեին այս մասին: Հետևաբար այն զրույցը կամ, որ նույնն է միջամտությունը, որի արդյունքում նախարարը փոխել է մտադրությունը, կարող էր տեղի ունենալ հենց այդ պահին և հրաժարականից հրաժարվելու խնդիրը լուծում կստանար Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կաբինետում:

Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին: Նա համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի նախարարական թիմի անդամներից մեկը: Նա ՀՀԿ շարքերը համալրեց նախարարի պաշտոնը ստանալուց հետո՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ միաժամանակ: Աշոտ Մանուկյանը դեռ քաղաքական գործիչ չի դարձել և այս առումով ունի փորձառության լուրջ պակաս: Գուցե հրաժարականի մասին հապշտապ հայտարարելը նաև այս հանգամանքով է պայմանավորված: Նրա՝ պաշտոնից հրաժարվելու դրդապատճառները պաշտոնապես հայտնի չէին, նշվել էր միայն, որ Մանուկյանը անձնական պատճառով էր նման քայլի գնացել: Մամուլում հրապարակում էր եղել, որ նրա հրաժարականի մասին լուրերը տարածվել էին դեռ Ամանորից առաջ։ Մամուլի տեղեկություններով՝ Աշոտ Մանուկյանը աշխատանքի է տեղափոխվում է «Տաշիր գրուպ», որտեղ տնօրինելու է էներգետիկ ոլորտը, որը ԲԷՑ-ի՝ բարձրավոլտ ցանցի՝ ՀԷՑ-ին միանալուց հետո ահռելի տնտեսություն է դարձել և մասնագետի կողմից կառավարվելու կարիք ունի։ Թե ինչ է այժմ փոխվել և ինչու՝ դժվար է ասել:

Հնարավոր է, որ հունվարի 18-28-ն ընկած ժամանակահատվածում էներգետիկ համակարգում նոր իրադարձություններ և տեղաշարժեր են կատարվել, որը հանրությունից թաքուն է պահվում, սակայն դրանով էլ պայմանավորված է նախարարի հետողորմյան: Հայտնի չէ նաև, թե արդյոք Մանուկյանի պաշտոնանկության հարցը սառեցված է մինչև ապրիլ՝ հաշվի առնելով, որ նոր վարչապետի նշանակումից հետո կառավարությունն այսպես թե այնպես հրաժարական է տալու, թե Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցից հետո Մանուկյանը ավելի երկար է մնալու էներգետիկայի նախարարի պաշտոնում:

 

Հայկ  Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: