Նոր ինտրիգների սպասելիս․ ով է ՔԿՀ վարչության նոր պետը

Jan 31, 2018 Comments Off on Նոր ինտրիգների սպասելիս․ ով է ՔԿՀ վարչության նոր պետը

Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: Հովհաննիսյանը, ով համակարգի հնաբնակներից է, վերջապես դարձավ նշված հիմնարկի պետ, ինչի մասին ասում էին, որ երազում էր երկար տարիներ։ 57-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը համակարգ է մտել դեռեւս 1990-ական թվականներից։ 1996-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ, իսկ 2000-2001 թթ.՝ ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:2001-2005 թթ. եղել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ 2005-2009 թթ.՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:2005 թվականից նա վեց պետ է փոխվել՝ Սամվել Հովհաննիսյան, Աշոտ Մարտիրոսյան, Աշոտ Գիզիրյան, Հայկ Հարությունյան և Արթուր Օսիկյան։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բոլոր պետերի ազատման գործում մեծ է եղել Հովհաննիսյանի դերակատարումը։

Պետ դառնալու երազանքով նա ոչ միայն ապրել է, այլ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Մասնավորապես, 2001-2006թթ. քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեպքում գործը պաշտոնանկությամբ չավարտվեց, նա ձերբակալվեց ։ Գործով առանցքային վկա էր անցնում նաեւ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, ով սրանից հինգ տարի առաջ դատարանում հաստատեց վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքներն, ըստ որոնց՝ վերջինս գնացել էր Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ և հայտնել, որ Սամվել Հովհաննիսյանը ցանկանում է կազմակերպել դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը: Ռաֆայել Հովհաննիսյանն սկզբնապես իր լսածն անհեթեթ է համարել ու չի հավատացել:

Ռ.Տոնոյանն էլ առաջարկել է ձայնագրել իր հետ Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունն ու ներկայացնել Ռ.Հովհաննիսյանին, որպեսզի նա հավատա: Շուրջ երկու ամիս անց Ռ.Տոնոյանը բերել է Սամվել Հովհաննիսյանի, իր և «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ռաֆայել Հովհաննիսյանը դատարանում հայտնեց, որ ճանաչել է Սամվել Հովհաննիսյանի ձայնը. շուրջ 10 տարի ճանաչել է վերջինիս. համատեղ աշխատել են, և Ռոբերտ Տոնոյանին խորհուրդ է տվել դիմել համապատասխան, այսինքն՝ իրավապահ մարմիններին: Աշոտ Մարտիրոսյանը եւ Հայկ Հարությունյանը պաշտոնաթողությունից հետո գործազուրկ են մինչ օրս։ Ռաֆայել Հովհաննիսյանն, ի դեպ, համարվում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի «մարդը»։Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել հենց Դավիթ Հարությունյանի կողմից՝ նրա նախարար աշխատելու առաջին փուլում․ 2005 թվականին։ Բնականաբար, «ինտելեկտուալ ոստիկանի» համարում ունեցող Արթուր Օսիկյանը չէր կարող երկար ձգել աշխատել ինտիգներ բանեցնելու հարցում վարպետ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ։ Նրանց ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին մամուլը բարձրաձայնում էր ավելի վաղ՝ Օսիկյանի նշանակումից ամիսներ հետո։ Ի դեպ, օրերս երբ Սամվել Հովհաննիսյանի թեկնածությունն առաջ եկավ որպես ՔԿՀ նոր պետի ամենառեալ հավակնորդի կրկին հիշեցինք իր մասին։ Մասնավորապես այն, որ նրա պաշտոնավարման տարիներին մի շարք ապօրինություններ էին գրանցվել, աղմկահարույց գործերով կալանքի տակ գտնվող անձանց ազատ դուրս էին հանել ՔԿՀ-ից, սպառնացել:

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ դեռևս այդ տարիներին ՔԿՀ-ում կատարված ապօրինությունների փաստով քրեական գործեր էին հարուցվել, պաշտոնյաներ են դատվել, բայց Հովհաննիսյանին հաջողվեց չոր դուրս գալ։ Կարելի է ենթադրել, թե ինչ է սպասվելու այդ խնդրահարույց ու բարդ համակարգին, այսուհետ ինտրիգների հասցեատերը ոչ թե մեկն է լինելու, այլ բոլոր նրանք, ովքեր կխոչընդոտեն նոր պետին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: