Որպեսզի զինվորի թիկունքն ամուր լինի

Jan 30, 2018 Comments Off on Որպեսզի զինվորի թիկունքն ամուր լինի

Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 26-ամյակն էր: Արցախյան պատերազմում կամավորական ջոկատների, հայ զինվորների հերոսական, մեր պետության անկախության և ազատության համար մղված պայքարով ստեղծվեց հայկական բանակը: Ու հիմա պարզ է բոլորի համար՝ ՀՀ մարտունակ բանակն է մեր պետության անվտանգության միակ երաշխավորը:

Բանակի օրվա առթիվ երեկ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նա իր շնորհավորական ուղերում, մասնավորապես, ասել է. «Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը… Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ»:

1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, իսկ պաշտոնապես 1992թ. հունվարին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ ՀՀ ԶՈւ ստեղծման մասին որոշումը: Դաժան պատերազմի պայմաններում 1992–1994–ը Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի թիրախում էին:

Սակայն հայկական բանակը լուծեց հիմնական երկու խնդիրները՝ հաղթեց պատերազմը և մինչ օրս հանդիսանում է հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորը:

2016 թվականի ապրիլյան պատերազմը, սակայն մի յուրօրինակ քննություն դարձավ, դրանից հետո մենք հասկացանք, որ ընկղմված ենք այլ՝ խորը խնդիրների մեջ, որոնք լուծում են պահանջում՝ սպառազինության ձեռքբերումից մինչև կոռուպցիայի ոչնչացում:

Տարիներ շարունակ մեզ ներշնչել էինք, թե Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում զինամթերքի ձեռքբերում համար, բայց միևնույն է մեր ոգին անպարտելի է: Դա իսկապես այդպես է, սակայն դա բոլորովին չի արդարացնում արատավոր սխալները, որոնք թույլ էին տվել և որոնք կարող են ճակատագրական դառնալ ու դարձան ճակատագրական:

Ուրեմն, մտորենք այն մասին, որ հայ զինվորների ոգուն ու կամքին պետք է տեր կանգնի պետությունն իր հզորությամբ, որպեսզի զինվորի թիկունքում էլ՝ երկրի պաշտպանությունը ներսում էլ լինի անթերի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: