Սերժ Սարգսյանի ներումից մինչեւ  Աստծո դատաստան

Jan 31, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի ներումից մինչեւ  Աստծո դատաստան

«Յուվեցի Կարո» մականվամբ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին հայնաբերել են հյուրանոցներից մեկում: Մասնավորապես
Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում  հայտնաբերվել է Գոռ Առաքելյանի դին առանց բռնության հետքերի, որը տվել է դատաբժիշկը:  Վարկածներ են շրջանառվում, համաձայն որոնց նա կարող էր մահացած լինել թմրանյութի ազդեցությունից:
Ի դեպ,  հյուրանոցը, որտեղից հայտնաբերել են տղայի դին,   պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Այս հյուրանոցը հանրությանը հայտնի է որպես կարճաժամկետ հաճույքների անցկացման վայր:

Ինչ խոսք, տեղի է ունեցել ցավալի ողբերգություն, կյանքից հեռացել է  երիտասարդ: Սակայն  դեպքն այս  թարմացրեց շատերի հիշողությունը և մարդիկ մտաբերեցին, որ Գոռ Առաքելյանը մինչ այս առավել հայտնի էր Վերնիսաժում կրակոցների գործով, ինչի համար մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման ու ազատվել Սերժ Սարգսյանի ներումով:
2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ  հնչեցին «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել էր ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ  բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։  Նա, իհարկե, կալանավորվեց, բայց 2017 թվականի մայիսին հայտնվեց ազատության մեջ:
Սա ընկալվեց իբրեւ հատուցում Յուվեցուն, ով ապրիլյան ընտրություններին անձնվիարաբար աշխատել էր Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար:

Իհարկե, մահացողի հետեւից միայն լավը, կամ ոչինչ չի կարելի ասել, բայց խնդիրն այստեղ ոչ թե լոկ Գոռն է, այլ մի ողջ խավի ամենաթողությոնը, որի մի մասնիկն էր Գոռը: Խոսքը հասկանալի է՝ պաշտոնյաների, օլիգարխների ու նրանց զավակ-փեսաների, հարազատների մասին է, որոնց ստվար զանգվածը պատուհաս  է դարձել հանրության գլխին: Նրանք կրակում են, վրաերթի ենթարկում, ծեծուջարդ սարքում, խախտում են օրենքն ու կարգը, բայց դրա հետ մեկտեղ կամ ընդհանրապես խուսափում են պատժից, կամ ստացած սիմվոլիկ պատժով թքում արդարադատության ճակատին, դառնում մի նոր սպառնալիք:

Ողբերգությունն այս դաժան երանի թե դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր  մինչ երեկ Գոռի բախտակիցներն էին: Բայց այսօր գոնե  պետք է հասկանալ, որ չարիք ծնող անձը գուցեեւ կարող է ճողոպրել դատ ու դատաստանց, բայց   Աստծո դատաստանից  խուսափելն անհնար է լինելու:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: