Սերժ Սարգսյանն ուզում է բանակում խաղի կանոններ փոխել

Jan 30, 2018 Comments Off on  Սերժ Սարգսյանն ուզում է բանակում խաղի կանոններ փոխել

Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

Սերժ Սարգսյանը, դիմելով զորացրված տղաներին, օգտագործել է «տղերք» մտերմիկ դիմելաձևը և ընդգծել, որ զինվորական ծառայությունը թեթև զբոսանք չէ, ծառայությունն ունի իր դժվարությունները, իր բարդությունները.«Տղե՛րք, այսպիսի հանդիպումներն իմ կողմից գոնե երկու նպատակ են հետապնդում: Առաջինն այն է, որպեսզի դուք իմ շուրթերից լսեք, որ վերադառնալով տուն, կատարելով ձեր պարտքը, դուք կարող եք ակնկալել նաև պետության կողմից աջակցություն: Եթե ձեզնից որևէ մեկը որոշել է ուսում ստանալ կամ մասնագիտություն ձեռք բերել, ապա պաշտպանության նախարարությունը, մեր պետությունը պատրաստ է մշտապես ձեզ օժանդակել: Խոսքս, իհարկե, միայն ձեզ չի վերաբերում. խոսքս վերաբերում է բոլոր զորացրվածներին:

Երկրորդ նպատակը հետևյալն է, որպեսզի ես կարողանամ ամբողջականացնել իմ տեղեկատվությունը մեր զինված ուժերի մասին: Ակնհայտ է, որ ես ունեմ բազմաթիվ խողովակներ՝ իրավիճակը բանակում հսկողության տակ պահելու, տեսնելու խնդիրները, փնտրելու լուծման ճանապարհներ, բայց գործընթացի անմիջապես մասնակիցներից առաջարկություններ լսելը չափազանց կարևոր է»,- ասել է նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր զինվորներն ու սպաները հաճույքով ծառայեն:

Ըստ հաղորդագրության՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք նախագահն ու զորացրված երիտասարդները քննարկել են փակ՝ առանց տեսախցիկների: Ներկայացնելով «Դիտակետ»-ի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները՝ «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը տեղեկացրել է, որ ընկերության հարցազրուցավարներն այցելել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայրեր՝ հարցումներ իրականացնելով 2017 թվականի ամռան ամիսներին զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։ Հատուկ շեշտվել է, որ սոցհարցմանը մասնակիցների տվյալների անվտանգությունը երաշխավորվել է: Պատկերը ներկայացվել է ըստ զորամասերի:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով հայտարարում է՝ զինված ուժերում փոխվում են խաղի կանոնները: Պաշտոնական խողովակները, որոնց միջոցով ճշտվում է բանակի իրավիճակը, այլևս չեն բավարարում ղեկավարությանը, մասնավորապես Սերժ Սարգսյանին: Փաստորեն, ստեղծվում է նոր՝ առավել վստահելի կամ էլ գուցե աշխատող խողովակ՝ ճշտելու ներքին խնդիրները, որոնք հատկապես բանակում պաշտոնական ճանապարհով չեն կարող բարձրաձայնվել: Այս գիտակցմանը Սերժ Սարգսյանը եկել է ապրիլյան պատերազմից հետո, երբ բանակի ներքին իրավիճակի, մեղմ ասած, ոչ այնքան բավարար լինելը դարձավ ակնհայտ:

Բոլոր թերություններով հանդերձ՝ վստահաբար բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, և նրա մրցունակությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բանակում պատասխանատվության խնդիրը շարքայինից մինչև գեներալ ամենաբարձրն է: Հասկանալի պատճառներով և՛ հասարակության, և՛ պետության պահանջներն ու ուշադրությունը զինված ուժերից անհամեմատ ավելի մեծ են, քան որևէ այլ ինստիտուտից: Բանակը նաև հասարակության սուրբ և նուրբ տեղն է, որովհետև բանակում է գտնվում երկրի մարդկային կապիտալի ամենաթանկ շերտը՝ 18-20 տարեկան երիտասարդությունը: Խնդիրներ ու բաղցթողումներ կան բոլոր ասպարեզներում: Հնարավոր է, որ բանակում դրանք ավելի քիչ են, քան մնացած այլ ոլորտներում, բայց նաև կասկածից դուրս է, որ բանակում խնդիրները գոնե մեր նման երկրի համար անթույատրելի են: Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի՝ ոչ պաշտոնական խողովակներով իրավիճակը վերահսկելու մտադրությունը գուցե ոչ ստանդարտ, գուցե նաև ոչ այնքան արդյունավետ, բայց մտահոգությունից ծնված կարևոր քայլ է:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: