Առեղծվածային դեպք Երևանում. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է նախկին ԱԺ պատգամավոր «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին

Jan 27, 2018 Comments Off on Առեղծվածային դեպք Երևանում. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է նախկին ԱԺ պատգամավոր «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին

Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: