Cnews-ի հաղորդավարուհին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Jan 27, 2018 Comments Off on Cnews-ի հաղորդավարուհին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Ֆրանսիական Cnews հեռուստաընկերության եթերում հաղորդավարուհի Սոնիա Մաբրուքը հյուրընկալել է Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Հաքքի Մուսային՝ Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքական հարձակումների թեման քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով Թուրքիայի հարձակման հետևանքով սիրիացի խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին հարցին՝ դեսպանը դժգոհություն է հայտնել հաղորդավարուհու հարցից՝ նշելով. «Հստակ է մեկ բան. մենք ղեկավարվում ենք քաղաքացիական անձանց հնարավորինս պաշտպանելու մեր նախնիների ցանկությամբ»:

Դրան Սոնիա Մաբրուքը հակադարձել է՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը: «Սա մեզ հիշեցնում է հայերի հետ տեղի ունեցած մութ ժամերը»,- ասել է հաղորդավարուհին:

Իսմայիլ Հաքքի Մուսան ընդգծել է հաղորդավարուհու փորձառությունը՝ դժգոհելով, թե «հայերի հարցն ի՞նչ կապ ունի այսօրվա բանավեճի հետ»:

Հունվարի 26-ին լրագրող, բլոգեր Մաքսիմ Ազադին տեղեկատվություն է ներկայացրել, ըստ որի՝ Աֆրինում տեղի ունեցածի մեկ շաբաթվա գնահատականը հետևյալն է. «սպանվել է 59 խաղաղ բնակիչ, 139-ը՝ վիրավորվել: Զոհվել է քուրդ 49 զինյալ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: