Նոր սահմանադրության առաջին ծիծեռնակները. կառավարությունը փակում է դռները

Jan 30, 2018 Comments Off on Նոր սահմանադրության առաջին ծիծեռնակները. կառավարությունը փակում է դռները

«e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքի նախագիծը, որի համաձայն՝ կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է կառավարության նիստերի անցկացման կարգը: Նշված հոդվածի 16-րդ կետում բառացիորեն կարդում ենք հետևյալը. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:

Նշվում է նաև, որ կառավարության անդամն իրավունք չունի, առանց վարչապետի թույլտվության, տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Եթե օրենսդրական առաջարկությունը հենց այս տեսքով էլ ընդունվի, ապա մենք հանգիստ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարության զարգացման լոզունգի տակ ընդունված նոր սահմանադրության ընդունումից հետո կառավարությունը անցնում է փակ գործելաոճի և հրաժարվում է թափանցիկ աշխատելու արդեն ձևավորված պրակտիկայից:

Համեմատության համար նշենք, որ այժմ ՀՀ կառավարության նիստերի անցկացման կարգը սահմանվում է նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների

գործունեության կազմակերպման մասին» հրամանագրով: Համաձայն այդ հրամանագրի 80-րդ հոդվածի՝ կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ միայն երկու դեպքում,  եթե քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկություններին առնչվող հարցեր, կամ եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քննարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով դիմելու հարցը:

Փաստորեն, առաջարկվող նախագծով, կառավարության նիստերը իմպերատիվ փակվում են ԶԼՄ ներկայացուցիչների համար: Գործադիրի նիստերը այսուհետ լավագույն դեպքում կարող են դռնբաց լինել միայն մասամբ, այն էլ վարչապետի որոշմամբ:

Ավելին, ըստ նախագծի, կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Այսինքն՝ անգամ նիստից հետո, առանց վարչապետի թույլտվության, նախարարները իրավունք չունեն հրապարակավ տեղեկացնել, թե ինչ հարցեր են քննարկվել նիստում: Ինչպես ասեւմ են՝ վե՛րջ ազատ կյանքին. առանց վարչապետի թույլտվության՝ այսուհետ օձն իր պորտով, հավքն օր թևով չի կարող հայտնվել կառավարության նիստում, կամ չմիջնորդավորված տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվել այնտեղ:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: