Արթուր Օսիկյանի ազատման պատճառներն ու հիմքերը

Jan 27, 2018 Comments Off on Արթուր Օսիկյանի ազատման պատճառներն ու հիմքերը

Այսօր հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ազատվել է աշխատանքից։ Լուրը պաշտոնապես չի հաստատվել, բայց նոր պետի հավանական անուն է նույնիսկ պտտվում։ Խոսքը Օսիկյանի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի մասին է, որը համակարգի հնաբնակներից է։ Լրատվամիջոցները հիշեցնում են նրա համբավի մասին՝ քանդել է բոլոր պետերի տակը՝ պետ դառնալու երազանք ունենալով։ Եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ։ Հենց նրա պաշտոնավարման տարիներին մի շարք ապօրինություններ են գրանցվել, աղմկահարույց գործերով կալանքի տակ գտնվող անձանց ազատ դուրս էին հանել ՔԿՀ-ից, սպառնացել: Դեռևս այդ տարիներին ՔԿՀ-ում կատարված ապօրինությունների փաստով քրեական գործեր էին հարուցվել, պաշտոնյաներ դատվել, բայց Հովհաննիսյանը մնացել էր իր տեղում եւ նոր վերելքներ մագլցել։

Արթուր Օսիկյանը համարվում է Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկներից», նա 2009 թվականին ոստիկանապետի տեղակալ էր նշանակվել, ապա 2014-ից՝ ՔԿՎ պետի տեղակալ։ Ընդ որում, նա էլ Օվիրի աշխատանքները համակարգելիս հայտնվել էր աղմկահարույց պատմության կիզակետում, չարաշահումներ եւ բացահայտումներ եղան, բայց Օսիկյանը ի հեճուկս այդ իրողության նշանակվեց ՔԿ վարչության պետ։ Օսիկյանը կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համարում ուներ, սակայն ՔԿՎ պետ նշանակվելու պահից իսկ պարզ էր, որ սա նրա տեղը չէ։ Մեղմ ու թույլ մարդը չի կարող կալանավայրեր կառավարել։Նրա պաշտոնավարման ժամանակ էլ շարունակվեց ու խորացավ ֆինանսական ստվերային մեծ հոսքերը, բազում այլ խնդիրներ։ Նա համակարգ է տեղափոխվել նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում, նրան հաջորդող նախարարները ըստ տեղեկությունների մշտնջենական պայքարի մեջ են եղել վերջինիս հետ։ Դեռեւս տարեվերջին լուրեր տարածվեցին, որ խիստ լարվել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և Արթուր Օսիկյանի միջև հարաբերությունները: Նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չէին։ Նրա հետ բարյացակամ հարաբերությունների մեջ չէր նաեւ Արփինե Հովհաննիսյանը։ Ուշագրավ է, որ երկու նախարարներն էլ պաշտոնավարման ընթացքում, վերջին մոտ մեկ տարում, ՔԿՎ չայցելեցին։

Թե ինչու էին նախկին համախոհ նախարարները «ընկել» Օսիկյանի հետեւից, արդեն իսկ տեղեկություններ կան։ Լրատվամիջոցները գրում են, որ նոր պետի ամենահավանական թեկնածու Ռաֆիկ Հովհաննիսյանը Դավիթ Հարությունյանի «մարդն» է, 2005-ին նախարար Հարությունյանի կողմից է նա նշանակվել «Նուբարաշեն»-ի պետ։ Չի բացառվում, որ բոլոր խարդավանքների մեծ գիտակ Դավիթ Հարությունյանին հաջողվել է Սերժ Սարգսյանին «ապացուցել», որ Արթուր Օսիկյանը չի տիրապետում իրավիճակին, թեպետ չի բացառվում նաեւ, որ վարչապետի պաշտոնին հավանկնող Սերժ Սարգսյանը Օսիկյանին հետ է վերադարձնում Ոստիկանություն, որպեսզի հետո նրան վստահի համակարգի ղեկավարումը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: